Գնդակն այս պահին Ադրբեջանի դաշտում է. Միհրան Հակոբյան
Սահմանին դիվերսիոն փորձերի բացառման՝ ՀՀ նախագահի համոզմունքը, ոչ թե մեր հակառակորդի նկատմամբ վստահությունից է, այլ մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով երկրի ղեկավարի երեկվա հարցազրույցի՝ սահմանային վիճակին վերաբերող հատվածին:
«ՀՀ նախագահի և երևի թե բոլորիս մոտ էլ համոզմունք կա, որ մոտ ապագայում մեր սահմանը հզոր տեխնիկական հագեցվածություն է ունենալու: Տեխնիկական միջոցներն այնպիսի խորքային դիտարկումներ կատարելու հնարավորություն են ընձեռելու, որպեսզի հակառակորդի դիվերսիոն խմբերը չկարողանան աննկատ սահմանին մոտենալ: Սա կարևոր խնդիր կլուծի, որովհետև եթե դու կարողանում ես խորքը դիտարկել, կարողանում ես նաև դիվերսիոն խմբին վնասազերծել»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ տեխնիկական հագեցվածություն ապահովելու է սահմանի ողջ երկարությամբ:
Անդրադառնալով հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացին՝ Միհրան Հակոբյանը նկատեց, որ գնդակն այս պահին Ադրբեջանի դաշտում է, որի վերջին տարիների մարտավարությունը եղել է սահմանային վիճակի ապակայունացումը, հակամարտության սրացումը:
«Այժմ այդ երկիրը պետք է որոշի՝ շարունակո՞ւմ է ոչինչ չտվող մարտավարությունը, թե նստում է բանակցությունների սեղանի շուրջ և փորձում պայմանավորվել: Խնդիրն Ադրբեջանի ղեկավարության վարքագծի մեջ է»,- ամփոփեց խորհրդարանականը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը «Արմենիա» հեռուստաընկերությանը (ամբողջական)
- Սերժ Սարգսյան. Պարտադրված ենք ունենալ նվազագույնը, որը հնարավորություն կտա լուծել մեր անվտանգության խնդիրները
- Լավրովը Ղարաբաղյան խնդիր կարգավորման որևէ նոր առաջարկ չի ներկայացրել
- Նախագահը ներկայացրել է Ղարաբաղյան խնդրի կարգավորման իր տեսլականը
- ՀՀ նախագահ. Ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հատվածը Հայաստան-ԵՄ համաձայնագրի կարևոր դրույթներից է