Մերկելը գենդերային հավասարության ոլորտում պարգևի է արժանացել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գենդերային հավասարության ոլորտում ֆիննական առաջին մրցանակին է արժանացել՝ ի նշան աշխարհում մարդու իրավունքների, կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած վաստակի։
«Ռիա նովոստի»-ն գրում է, որ Բրյուսելում մրցանակը կանցլերին է հանձնել Ֆինլանդիայի վարչապետ Յուի Սիփիլը:
«Ես հպարտ եմ, որ դարձել եմ մրցանակի առաջին դափնեկիրը և օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ֆինլանդիային իր 100-ամյակի կապակցությամբ: Նաև շնորհավորում եմ Ֆինլանդիային կանանց իրավունքների ոլորտում ունեցած ուժեղ դիրքերի համար։ Մրցանակն ինձ կծառայի գենդերային հավասարության օժանդակման աշխատանքների շարունակման համար, քանի որ դեռ շատ բան կա անելու»,-ասել է Մերկելը:
Պարգևի դրամական մասը կազմել է 150 հազար եվրո: Մերկելը արդեն հայտնել է, որ գումարը կհատկացնի գենդերային հավասարության ոլորտում ծրագրերի մշակմանը: