ՍԱՊԾ Լաբորատորիայի ղեկավար. Ասելու շատ բան կա
ՊՆ-ին մարգարին վաճառելու փաստով հարուցված քրեական գործով անցնող ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ցողիկ Գզիրյանի պաշտոնը կասեցված է, նա այս պահին տանն է գտնվում: Բացի նրանից գործով անցնում է երեք աշխատակից: Այս պահին ձերբակալվածներ չկան:
Panorama.am-ի հետ զրույցում Ց. Գզիրյանն ասաց, չի ընդունում մեղադրանքը.
«Դե կարծում եմ, այդ հարցը տեղին չէ ինձ տալ: Բնականաբար, չեմ ընդունում: Ոնց կարող է նման բան լինի, ինչ-որ մի տականքի կեղծ ցուցմունքով 40 տարվա աշխատողի վրա ըսենց բան գրեն: Հիմա չեմ հասկանում ինֆորմացիա տալը պետք է, թե ոչ: Եթե պետք լինի, կհանդիպենք, կասեմ, ասելու շատ բան կա, դատարանում էլ կասեմ»:
Գզիրյանի խոսքով, ցուցմունք տվողը նախկինում աշխատել է լաբորատորիայում, հիմա՝ ՍԱՊԾ-ում:
Արդյո՞ք ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի ղեկավարը, ՍԱՊԾ պետը տեղյակ են եղել մարգարինը կարագի անվան տակ ՊՆ-ին վաճառելու մասին, այս պահին պարզել չհաջողվեց: ՊՈԱԿ-ից, ՍԱՊԾ-ից, ԱԱԾ-ից հեռախոսազանգերին չպատասխանեցին: