Որոշ ստոր մարդիկ շահարկում են հիվանդ երեխաների անունը և գումարներ շորթում. ՀԿ նախագահ
Հատկապես նախատոնական օրերին որոշ ստոր մարդիկ, անցնելով բարոյականության բոլոր սահմանները, շահարկում են առողջական խնդիրներ ունեցող երեխաների անունը և փորձում խարդախությամբ գումարներ շորթել ազգաբնակչությունից: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց «Հայ Մայրեր» բարեգործական ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը՝ հավելելով, որ ի հեճուկս նման արատավոր երևույթի՝ բարեգործը պետք է հետևողական լինի, բարեգործությունը՝ հասցեական:
«Խարդախությամբ գումարներ վաստակողները զանգահարում են տներ, ամսագրեր առաջարկում: Մարդիկ, խղճահարությունից դրդված, գնում են դրանք: Եթե նախկինում ամսագրերը կամ խաղալիքները վաճառում էին 500 դրամով, ապա այսօր արդեն՝ 3000-4000 դրամով: Ընդ որում, մարդկանց վրա ավելի ուժեղ ներգործելու համար խաբեությամբ գումարներ շորթողները այդ գործում ներգրավում են հաշմանդամություն ունեցող երիտասարդներին:
Այսպիսով, մենք հարստացնում ենք անբարոյական, հաշմանդամություն ունեցող երեխաների անունը շահարկող մարդկանց: Այդ մարդիկ մեկ-երկու ժամում պետռեգիստրում հիմնադրամ կամ կազմակերպություն են բացում, գումարներ են շորթում, այնուհետ կեղծ հիմնադրամները փակում»,- զայրացած ասաց բանախոսը:
Ասուլիսին ներկա «Մենք ենք» բարեգործական կոալիցիայի անդամ Ելենա Բաղդասարյանն իր հերթին նկատեց, որ կեղծ դրամահավաքները վերջին տարիներին մեծ տարածում են գտել հատկապես սոցցանցերում:
«Դրա համար էլ լավագույն բարեգործական ՀԿ-ները միավորվել են «Մենք ենք» կոալիցիայի մեջ՝ փորձելով ոչ միայն դրամական աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին, այլև բացահայտել կեղծ դրամահավաքության դեպքերը»,- ասաց նա՝ հավելելով, որ ընդհուպ, սուր բրոնխիտ ունեցող երեխային շատ հաճախ ներկայացնում են որպես անբուժելի հիվանդ և հայտարարում, որ բուժումը հանրավոր է կազմակերպել միայն արտերկրում:
Երբ լրագրողները բանախոսներին խնդրեցին թվել գումարների շորթմամբ զբաղվող մեկ-երկու կեղծ հիմանադրամի անուն, վերջիններս դժվարացան՝ նշելով, որ դրանք այնքան արագ են բացվում և փակվում, որ իրենք անկարող են անուններ տալ:
Լրահոս
Տեսանյութեր
Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան