Քաղտեխնոլոգը վերլուծում է, թե որ կուսակցությունն ով է
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում վերլուծեց քաղաքական կուսակցությունների դերը խորհրդարանում:
Նրա խոսքով՝ «Ծառուկյան դաշինքն» այս պահին զբաղված է իր PR-ով և դրա համար ակտիվորեն օգտագործում է զանգվածային լրատվամիջոցների իր ռեսուրսները։ ««Ծառուկյան դաշինքը» բավականին լուրջ PR-ով է զբաղված, օգտագործում են բոլոր ռեսուրսները՝ սկսած հեռուստատեսությունից, վերջացրած՝ պաշտոնական ու ոչ պաշտոնական այլ լրատվական ռեսուրսներով: Դաշինքն ավելի շատ տնտեսական ակտիվություն է ցուցաբերում: Եթե հիշում եք, «Առինջ մոլի» հետ կապված գործը հասել էր նրան, որ ամբողջ ֆրակցիան զբաղված էր կուսակցության ղեկավարի բիզնեսի պաշտպանությամբ»,-ասաց Հակոբյանը:
Քաղտեխնոլոգը կարծում է՝ որքան էլ դաշինքը ներկայանում է որպես ընդդիմադիր, բայց դեռ վերջնական չի դիրքավորվել: ««Ծառուկյան դաշինքը» և իշխանության հետ է, և ընդդիմության, նույնիսկ իշխանության մեջ են տարբերություն դնում»,-ասաց նա:
Իսկ «Ելք» դաշինքը, Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ, սկսում է կայանալ որպես ընդդիմադիր լիդեր:
«Փորձում է ընդդիմության լիդեր դառնալ ամբողջ դաշտում, փորձում է այս տարիներն օգտագործել՝ իր վարկանիշը, ռեսուրսները կրկնապատկելու, եռապատկելու, տասնապատկելու, որովհետև կարծում է՝ սա բացառիկ շանս է, պետք է օգտագործել ամբիոնը՝ առաջ գնալու համար»,-ասաց քաղտեխնոլոգը:
Բայց «Ելք»-ի մոտ Վիգեն Հակոբյանը լուրջ խնդիրներ էլ է տեսնում: Նրա խոսքով՝ այստեղ տարբեր ծագումնաբանություն ունեցող քաղաքական ուժեր կան և հնարավոր են տարաձայնություններ:
Քաղտեխնոլոգը վերլուծում է՝ եթե չդառնան մեկ կուսակցություն, իշխանությունը կարող է օգտվել նրանց այս թույլ կողմից:
Ինչ վերաբերում է Հանրապետականին ու Դաշնակցությանը, ապա Վիգեն Հակոբյանը նրանց դիտարկում է որպես դասական կուսակցություններ, որոնք իրենց ինքնավստահ են զգում:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան