Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մեկ անձի մահվան պատճառ դարձած՝ հունվարի 8-ին Երևանում տեղի ունեցած, ավտովթարի դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեից հայտնում են. «Նախնական տվյալներով՝ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Դավթյանն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևոր Խ. Գասպարյանը տեղափոխվել բժշկական կենտրոն։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաև «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորները։
Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով, կատարվում է նախաքննություն:
Նշանակվել են դատաբժշկական, դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։