28 տարի առաջ Բաքվում փորձեցին ավարտին հասցնել հայ համայնքի ոչնչացման գործընթացը
28 տարի առաջ այս օրերին հայ համայնքի վերացումը Բաքվում ապրեց իր վերջին փուլը: Հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը նշեց, որ 50 հազարանոց ոհմակը, ուղղորդվելով Ադրբեջանի «մտավորականների» կողմից, ինչպես, օրինակ, Զեյնաբ Խանլարովայի, ստացան հստակ հրահանգ՝ ինչ պետք է անել:
Նախապես կազմված էին հասցեների ցուցակներ, թե շենքի որ բնակարանում են հայեր բնակվում, գնում էին այդ հասցեներով, և այդտեղ սկսվեց անտեսանելի մի ոճրագործություն, որի մասին անգամ խորհրդային թերթերն էին դժվարությամբ գրում, նշում էին, որ անհնար է նկարագրել կատարվողը, խոսել դրա մասին:
«1989 թ. դեկտեմբերին արդեն վայրագություններ էին տեղի ունենում, տարիք-սեռ հաշվի չէին առնում, ոչնչացնում էին ամենաանմարդկային ձևերով, իսկ 90 թ. հունվարի 13-19-ը՝ վերջին զարկն էր՝ Բաքվի հայությանը վերացնելու համար: Բաքվում ընդհանուր առմամբ ապրում էր մոտ 300 հազար հայ»,- ասաց նա: Ավագյանի խոսքով՝ մինչ օրս Ադրբեջանում տարվում է հատուկ քաղաքականություն՝ ասիմիլացնելու բնիկ ցեղերին՝ թալիշ, լեզգի և այօլն, և դա անում է Ադրբեջանը՝ լինելով քոչվոր ցեղախումբ:
Բանախոսը նշեց, որ անգամ ադրբեջանական տվյալներով՝ այդ թվերին Ադրբեջանում ավելի քան 660 հազար հայ էր ապրում:
«Ցեղասպանությունը միայն մորթելը չէ, այլև տեղահանելը, հայրենիքից զրկելը, ինքնությունից զրկելը: Այդ տարածքում առնվազն 2 մլն հայ պետք է ապրեր, որ այսօր չկա: Ալիևն ասում է՝ մեկ միլիոնից ավել փաստական ունի, այո: Մոտ 502-503 հազար թուրք է փախել ՀՀ և ներկա ԼՂՀ տարածքից, եկեք դրան գումարենք 660 հազարը: Ամերիկայում բնակվող, 10 տարեկանում Բաքվից փախած Աննա Տեր-Աստվածատրյանը վկայել է, որ իրեն համարում են Ալիևի փախստական, գիտե՞ք ինչու, որովհետև նա փախել է Ադրբեջանից»,- ասաց նա:
Ավագյանի խոսքով՝ Ալիևն ունի հստակ մշակված ռազմավարություն, մինչդեռ մեր իշխանությունները՝ ոչ, մենք անգամ հակադարձելու ռազմավարություն չունենք: Ըստ բանախոսի՝ եթե տեր չենք կանգնում փաստերին, նշանակում է՝ հրաժարվում ենք ազգային անվտանգությունից:
Նախկինում Բաքվում բնակվող, ապա Հայաստանում ապաստանած Յուրի Բաղդասարյանը նկատեց՝ յուրաքանչյուր պետություն հաշվվում է կայուն, եթե բաղկացած է մի ազգից, Ադրբեջանում մեկ լեզվի՝ ադրբեջաներենի շուրջ միավորեցին փոքր ազգերին:
«Նրանք ասում են՝ այդ ազգերի համար գլխավորը լեզուն չէ, այլ հավատը: Հայերը չենթարկվեցին, մնացին որպես կղզիներ՝ մուսուլմանական շրջանում, ասիմիլյացիայի չենթարկվեցին»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ