ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բրյուսելում անցկացված խորհրդաժողովին
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի խորհրդաժողովին:
ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդաժողովի շրջանակում անցկացվել է երկու նիստ` «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված, ինչպես նաև Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող պետությունների ձևաչափերով:
«Փոխգործունակության հարթակ» ձևաչափով նիստի ժամանակ քննարկվել են Եվրոպայի հարավային հարևանության տարածաշրջաններից բխող անվտանգության և կայունության մարտահրավերներին և դրանց դիմագրավման ջանքերի համադրմանն առնվող հարցեր:
«Վճռական աջակցություն» ձևաչափով անցկացված նիստը միտված էր Աֆղանստանում կոալիցիոն գործողության ընթացիկ խնդիրների ներկայացմանը, խնդրահարույց հարցերի քննարկմանը և ընդհանուր դիրքորոշումների ձևավորմանը: