Ոլորտին ցուցաբերվող աննախադեպ ուշադրությունն ու աջակցությունը մոտ ապագայում կտան իրենց դրական արդյունքը. Գինեգործներ
2018-ին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի թիրախում լինելու է խաղողագործությունը, երկրում այս ուղղությամբ գիտական ներուժի բարելավումը, քանի որ հենց վերոնշյալ խնդիրների կարգավորումն է, որ կարող է բերել գինու որակի բարելավմանը, ոլորտի արդյունավետ կառավարմանն ու վերահսկողությանը: Այս մասին հայտնել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը գինեգործական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Մուրադյանը նշել է, որ հիմնադրամը բաց է բոլոր արտադրողների համար և պատրաստ է աջակցել ոլորտի զարգացմանն ուղղված գաղափարներին` ընդգծելով, որ ընթացիկ տարում ակնկալում է ավելի բարձր ակտիվություն և հետևողականություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017-ին իրականացված ծրագրերը և դրանց արդյունքները: Ընկերություններին է ներկայացվել 2018-ի գործողությունների պլանի նախագիծը, որն առաջիկայում կներկայացվի հոգաբարձուների խորհրդի հավանությանը:
Անդրադարձ է կատարվել 2018 թվականի փետրվարի 5-9-ը Մոսկվայում կայանալիք «ՊրոդԷքսպո» 25-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսի մասնակցության մանրամասներին, քննարկվել են միասնական հայկական տաղավարի կառուցապատման, ընկերությունների տեղաբաշխման, գինիների բեռնափոխադրման հարցերը և այլն:
Գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները կարևորել են պետական աջակցությունն ի դեմս հիմնադրամի գործունեության՝ ընդգծելով, որ ոլորտին ցուցաբերվող աննախադեպ ուշադրությունն ու աջակցությունը մոտ ապագայում կտան իրենց դրական արդյունքները:
Հարակից հրապարակումներ`
- Գինեգործության ոլորտում շատ ավելի պոզիտիվ մոտեցում կա. փոխնախարար
- Գինեգործությունը Հայաստանում՝ վերադարձ արմատներին
- Հայաստանում գինու արտադրությունն աճել է 37.7%-ով, կոնյակինը՝ 51,1%-ով
- Գինեգործների համար ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն
- Հայաստանի գինեգործության մասին տեսահոլովակ կնկարահանվի
- Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն է ընտրվել Զարուհի Մուրադյանը