Մենք լուրջ առաջընթաց ունենք ընդդիմադիր դաշտում. Շարմազանով
«Պառլամենտական համակարգում շատ կարևոր է, որ քաղաքական պայքարի միակ արդյունավետ թատերաբեմը լինի խորհրդարանը, ոչ թե փողոցը»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով թանկացումների դեմ «Ելք» դաշինքը բողոքի երթին, որը կանցկացվի հունվարի 19-ին։
Նրա խոսքով՝ միաժամանակ օրենքը չի սահմանափակում իրականացնել երթեր, ակցիաներ, բայց «Ելքի» իրավունքն է իրենց այդ իրավունքն օգտագործելու եղանակն ընտրելը: «Կարծում եմ, որ փողոցային պայքարը՝ երթերն ու հանրահավաքները ժամանակավրեպ են և արդյունավետ չեն, ավելի արդյունավետ է բովանդակային ու խորքային քննարկումը: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է»,- նշեց նա։
Շարմազանովը հիշեցրեց, որ հունվարի 23-ին լինելու են խորհրդարանական լսումներ, որի ժամանակ ակնկալում են համակողմանի մասնագիտական քննարկում, թեև, ըստ նրա, վարչապետն էլ երեկ շատ հստակ ու կոնկրետ մասնագիտական գնահատական է տվել:
«Բայց եթե իրենք գտնում են, որ սպառված է պառլամենտի ներսում որևէ բան քննարկելու ճանապարհը, ես այդ կարծիքին չեմ, երկխոսությունը պետք է լինի քննարկումների ժամանակ, միանգամից չէ, որ պետք է բոլոր համաձայնությունների գանք: Բայց ինձ նաև ուրախացնում է, որ «Ելքի» մեր գործընկերները բացառում են իշխանափոխության այլ ճանապարհ, բացի ընտրությունների միջոցով։
Սա նշանակում է, որ մենք լուրջ առաջընթաց ունենք ընդդիմադիր դաշտում, և մեր գործընկերները չեն գնում ռադիկալ ճանապարհով: Անկախ նրանից, որ պառլամենտում ունենում ենք անհամաձայնություններ, ես դրական եմ գնահատում իշխանության և ընդդիմության բոլոր հարաբերությունները, այս պառլամենտում մենք աստիճանաբար քայլ ենք կատարում դեպի ամբողջական երկխոսության ընդդիմության և իշխանության միջև»,- ընդգծեց Շարմազանովը։
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը