Չեխիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Պատգամավորների պալատի նորընտիր նախագահի հետ
Հունվարի 18-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում է ունեցել ANO-2011 քաղաքական շարժումը ներկայացնող Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նորընտիր նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի (Radek Vondráček) հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
Զրույցի ընթացքում քննարկվել է հայ-չեխական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Կողմերը գոհունակությամբ փաստել են երկկողմ միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը՝ կարևորելով հարաբերությունների հետագա զարգացումը, այդ թվում փոխադարձ բարձրաստիճան այցելությունների միջոցով։
Տիգրան Սեյրանյանն առանձնակի նշել է Միջխորհրդարանական միության շրջանակներում գործող բարեկամության խմբերի դերը՝ վստահություն հայտնելով, որ, ի թիվս մյուս խմբերի, մոտ ապագայում Չեխիայի խորհրդարանի նորընտիր ստորին պալատում կձևավորվի նաև Հայաստանի հետ բարեկամության խումբը։
Դեսպանը Պատգամավորների պալատի նախագահին շնորհակալություն է հայտնել պալատի կողմից 2017թ. ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու կապակցությամբ, զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Ռադեկ Վոնդրաչեկը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ Չեխիայի դիրքորոշումը։
Կողմերը կարևորել են Հայաստանի՝ Եվրամիության հետ համագործակցության ծրագրերի շարունակականությունը: Դեսպանը հույս է հայտնել, որ Պատգամավորների պալատը հնարավոր սեղմ ժամկետում կվավերացնի 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
Հանդիպման ավարտին ՀՀ դեսպանը հաջողություն է մաղթել Ռադեկ Վոնդրաչեկին իր կարևոր և պատասխանատու առաքելության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը