Դեսպան. Վերջին շրջանում ԼՂ հակամարտության նկատմամբ Ռումինիայի դիրքորոշումը եղել է հավասարակշռված
Վերջին շրջանում հակամարտության նկատմամբ Ռումինիայի դիրքորոշումը եղել է հավասարակշռված: Այս մասին ասել է Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը՝ Կոտրոչենի նախագահական պալատում իր հավատարմագրերը երկրի նախագահ Կլաուս Յոհանիսին հանձնելիս:
Դեսպանը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է այդ դիրքորոշման շարունակականությունը՝ հատկապես, Հայաստան-ԵՄ Համաձայնագրի նախաբանում այդ խնդրի կապակցությամբ արտացոլված միասնական մոտեցմանը համահունչ:
Նա կարևորել է ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում բանակցային ճանապարհով կարգավորել:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, դեսպան Մինասյանը նշել է, որ Հայաստանը և Ռումինիան կարող են արդյունավետ համագործակցել եվրոպական կառույցների շրջանակներում, հատկապես արտակարգ իրավիճակների, ճգնաժամերի կառավարման, հետազոտական և կրթական ոլորտներում:
Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահ Յոհանիսին էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Ռումինիայի վարած քաղաքականության համար՝ նշելով, որ Ռումինիան երկրորդ հայրենիք դարձավ ինչպես դարեր առաջ, այնպես էլ՝ 1915թ. Ցեղասպանությունից հետո այստեղ հաստատված հայերի համար: Ռումինիան առաջին երկիրն էր, որը Ցեղասպանությունը վերապրածներին պետական մակարդակով ապաստան է առաջարկել:
Անդրադառնալով 2018թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին՝ դեսպան Մինասյանը շեշտեց, որ նախագահ Յոհանիսի մասնակցությունը լուրջ խթան կարող է հանդիսանալ բազմակողմ և երկկողմ ձևաչափերում հայ-ռումինական համագործակցության խորացման համար, հատկապես, հաշվի առնելով Ռումինիայի՝ որպես Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային կենտրոնի կարևոր դերակատարությունը: