Ինչո՞ւ է Արցախին առնչվող կետը 2018-ի գերակա խնդիրների ցանկից հանվել. Կարեն Բեքարյանը Հրանուշ Հակոբյանին
Ազգային ժողովում «ՀՀ-Սփյուռք գործակցության զարգացումները» թեմայով աշխատանքային խորհրդակցության ժամանակ ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է Սփյուռքի նախարարության 2018 թվականի ռազմավարության մեջ գերակա խնդիրներից Արցախին առնչվող կետը հանվել:
«18-ին Արցախին առնչվող կետը չկա, ինչո՞վ է դա պայմանավորված, Արցախ-Սփյուռք համագործակցության ի՞նչ ձևաչափ է գործում, ի՞նչ արդյունավետություն այն ունի»,-հարց ուղղեց նա:
«Որովհետև ԼՂՀ կարգավորման փուլերից որևէ մեկում կարող է առաջանալ այնպիսի էլեմենտ, երբ Ադրբեջանի խտրականության արդյունքում Արցախը լքած մեր հայրենակիցները կազմակերպված հանդես գալու խնդիր ունենան, և դա կարող է Արցախի հարցի լուծման պարագայում կարևոր լինել»,-ասաց նա:
Կարեն Բեքարյանի խոսքով, ապրիլյան պատերազմը պետք է թեստ լիներ՝ սփյուռքահայ ԶԼՄ-ների արձագանքի և աշխարհին իրական պատկերը ներկայացնելու նպատակով:
Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք Սփյուռքի նախարարության կողմից այս ուղղությամբ մոնիթորինգ կատարվել է և եթե այո, արդյոք արդյունքները գոհացուցիչ են:
Նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ իրենք Հայաստան ասելով նաև Արցախն են հասկանում: «Տարբերություն չենք դնում, Սփյուռքի գործունեության առյուծի բաժինը Արցախինն է»,-ասաց նա՝ հավելելով, որ համատեղ աշխատում են նաև ԼՂՀ իշխանությունների հետ:
Հրանուշ Հակոբյանը հիշեցրեց, որ իրենք 2017թ-ին գերակա խնդիրների մեջ առանձնացրել էին Արցախի հիմնախնդիրը՝ «Ինչ ես արել Արցախի համար» կարգախոսով:
«Բայց միշտ չենք ուզում գերակա հարցերը կրկնել, այս տարի չորս ուղղություն ենք գրել, և բոլոր խնդիրներում էլ լինի երիտասադրության խնդիրը, թե մշակույթի պահպանություն՝ Արցախը հետն է. չկա ծրագիր, որ չունենանք Արցախի էլեմետ, բացառվում է»,-ասաց նա:
Սփյուռքի նախարարը նաև տեղեկացրեց, որ Արցախից 17-18 ներկայացուցչներ կան, որ հիմնականում Սփյուռքով են զբաղվում:
«Նրանց հետ մեծ կապերի մեջ ենք»,-ասաց նա՝ տեղեկացնելով, որ երիտասարդներ կան, որոնք փորձում են ՝ հայրենկացական միությունների նմանությամբ խմբեր ստեղծել: Խոսքը, Հրանուշ Հակոբյանի տեղեկացմամբ, հատկապես Բաքվից տեղահանված հայերի մասին է:
«Չկա այդպիսի իրադարձություն, որի համար Սփյուռքին նամակ չգրենք, որ պետք է ցույցեր անեք, միտինգներ անեք: Այդպիսի դեպք չկա, որ մենք նրանց տեսանյութերը չուղարկենք, նյութերը չուղարկենք, գրքերը չուղարկենք, որ իրենք զինված լինեն այս կամ այն խնդիրն իրենց պառլամենտների կամ կառավարությունների առաջ բարձրացնելու համար»,-ասաց նախարարը: