Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի. Աշոտյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի շվեդ պատգամավոր, ԵԺԿ խմբակցության անդամ Լարս Ադակտուսոնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Դատի գրասենյակի նախաձեռնությամբ և հրավերով: Հանդիպմանը ներկա է եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը:
ԱԺ հանրային կապերի վարչության հաղորդմամաբ՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Արմեն Աշոտյանը կարևորել է ազգային խորհրդարաններում համաձայնագրի հնարավորինս արագ վավերացումը: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ չնայած ազգային խորհրդարաններից յուրաքանչյուրն ունի քաղաքական օրակարգի կազմավորման իր առաջնահերթությունները, այնուամենայնիվ, հայկական կողմն ակնկալում է համաձայնագրի վավերացման գործընթացի խթանում, ինչում իրենց դերը կարող են ունենալ նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորները:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ արցախյան շարժումը, որի 30-ամյակը լրանում է այս տարի, ոչ մի կերպ չի կարող բնութագրվել որպես աշխարհաքաղաքական: Այս առնչությամբ նա հավելել է, որ հակամարտությունը բացառապես ազգային է՝ հիմնված Արցախի ժողովրդի՝ ժողովրդավարական արժեքների իրացման ցանկության, Ադրբեջանի հետ արժեհամակարգային տարբերությունների և դրանց հաղթահարման անհնարինության վրա: Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից ակնկալվում է առավել ակտիվ ներգրավվածություն հակամարտության կարգավորման գործընթացում՝ առանց խոչընդոտ դիտարկելու Ադրբեջանի, այսպես կոչված, «սև ցուցակի» առկայությունը: Այս համատեքեստում Արմեն Աշոտյանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ներգրավվածության հարցը հակամարտության կարգավորման գործընթացում՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և նրա կամարտահայտությունը կարիք ունեն առավել միջազգայնացված լինելու:
Հանձնաժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում մեծապես կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերն ու ջանքերը՝ հարցի լուծման և տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Կողմերը փաստել են, որ հակամարտությունը չի կարող լուծում ունենալ առանց Արցախի ժողովրդի:
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Ադակտուսոնն իր այցի շրջանակում այցելելու է նաև Արցախ:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց