Ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել և բանակը ձեռնարկել է համարժեք քայլեր. Լ. Մնացականյան
«Պաշտպանության բանակին հաջողվել է պահպանել խաղաղությունը և Արցախի ժողովրդի անվտանգությունը։ ՊԲ-ն ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն և պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը»,- այս մասին նշել է Արցախի հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն՝ ամփոփելով 2017թ. բանակային տարվա արդյունքները։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ասուլիսի մեկնարկում բանակի հրամանատարը հանդես է եկել ներածական խոսքով՝ սկզբում ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողությունները, մասնավորապես կանգ առնելով փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ՊԲ արևելյան և հարավարևելյան ուղղություններով ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձերի վրա, ինչի արդյունքում հակառակորդը չեզոք գոտում թողնելով 5 հատուկ ջոկատայինի դիակ և տարհանելով 3 վիրավոր, հետ է շպրտվել ելման դիրքեր:
Այնուհետև Լ. Մնացականյանն անդրադարձել է հակառակորդի անցկացրած զորավարժություններին, առաջնագծում վերջինիս իրականացրած կահավորական աշխատանքներին ու զենքի և զինտեխնիկայի գնումներին: Ներկայացնելով 2017թ. պաշտպանության բանակում կատարված աշխատանքները՝ Արցախի Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել և բանակը ձեռնարկել է համարժեք քայլեր, որոնք այսուհետ ևս թույլ կտան ապահովել մեր ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը:
Նախորդ տարվա ընթացքում բանակում կատարված աշխատանքներից Լևոն Մնացականյանն առանձնացրել է դիրքապահների համար առավել անվտանգ ծառայության պայմանների ստեղծումը, մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների պատրաստության մակարդակի բարձրացումը, զինվորական կարգապահության բարձրացման ուղղությամբ տարված աշխատանքները, հրետանային և ՀՕՊ համակարգերի կատարելագործումը, շտաբների փոխգործակցության և ներդաշնակման ուղղությամբ կատարված քայլերը, բանակում բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղությամբ տարված աշխատանքները, նորագույն տեխնոլոգիաների ներդնումը, նոր դիրքերի կահավորումը, դիտարկման համակարգերի կատարելագործումը, ճանապարհային ցանցի զարգացումը, տեխնիկական և թիկունքային ապահովության բարձրացման հարցերը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման վերջում բանակի հրամանատարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին մոտ ապագայում պատերազմի վերսկսման հավանականությանը, բանակի նյութատեխնիկական ապահովմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը, «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի ներդրմանը և այլն: