Հայաստանի 4-րդ նախագահը կարող է մթնոլորտ ստեղծել. քաղաքագետ
Խորհրդարանական համակարգին անցնելով՝ նախագահի պաշտոնն իրավաբանորեն առանցքային դերակատարում չունի, էական իշխանական լծակներ չկան, բայց փաստացի այն կարող է լինել կարևոր, ունենալ դերակատարություն: Հունվարի 24-ին՝ «Հայաստանի 4-րդ նախագահ. արարողակարգային պաշտո՞ն, թե՞ ծանրակշիռ քաղաքական դեմք» թեմայով քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: Նա նշեց, որ հայաստանյան իշխանական համակարգում դե յուրե և դե ֆակտո իրականությունները շատ տարբեր են իրարից:
«Մեզանում բուն քաղաքական դասավորությունը կազմավորվում է ավելի շատ կապիտալի դասավորությունից ելնելով, քան դե յուրե իշխանության լծակներից: Ընտրվում է թեկնածու, որը որոշակի կապիտալի կրող է, միջազգային որոշակի շրջանակների հետ կապեր ունի՝ թե քաղաքական, թե գործարար, և սա ծանրակշիռ ռեսուրս է, որը Արմեն Սարգսյանին դարձնում է խաղացող: Նա կդառնա հակակշռող բևեռ այն մոդելում, որ հիմա ձևավորվում է խորհրդարանական կառավարման ձևաչափով»,- ասաց նա:
Բադալյանի խոսքով՝ Արմեն Սարգսյանը նաև գործընկեր է դառնում. նրա հնարավորությունները ոչ միայն հակակշիռ են, այլև գործիք կարող են լինել արտաքին հարթության վրա շփումներում:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ համակարգը ավելի լայն լիազորություններ ուզում է տեսնել կամ ավելի լայն լիազորություններ փոխանցել կոնկրետ Արմեն Սարգսյանին: «Նա ունենալու է որոշակի գործառույթներ՝ կապված արտաքին տնտեսական քաղաքականության, ներդրումների հետ, ինչպես նաև արտաքին քաղաքականությունում: Ստեղծվում է մի ճկուն համակարգ՝ հակակշիռների, երբեմն էլ, եթե անհրաժեշտություն կա՝ փոխլրացման»,- ասաց նա՝ հավելելով, որ այս կերպ նաև մրցակցությունն է ավելանում:
Քաղաքագետ Էդգար Վարդանյանը նշեց, որ նախագահի պաշտոնը բավական լուրջ է, հատկապես ճգնաժամային իրավիճակներում նա կարող է ունենալ շատ լուրջ դերակատարություն՝ քաղաքական իմաստով: Թեև նա, ըստ Սահմանադրության, զուտ կառավարչական առումով քիչ բան կարող է անել, բայց կարող է մթնոլորտ ստեղծել, ազդել հանրային տրամադրությունների վրա, բարձրաձայնել այն հարցերը, որ չեն բարձրաձայնում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները Կառավարությունում, ԱԺ-ում և այլն, ինչպես նաև կարող է կոնկրետ գործողություններ իրականացնել, որոնք թեկուզ և իրավական առումով քաղաքական ճգնաժամ չեն ստեղծի, բայց կարող են լուրջ խնդիրներ առաջացնել:
Հանրապետության նախագահն, օրինակ, կարող է չստորագրել ԱԺ ընդունած օրենքի տակ:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը համեմատության մեջ լավագույնն է. Թևան Պողոսյան
- Արմեն Սարգսյանը հետաքրքիր թեկնածու է. Աղվան Վարդանյան
- Արմեն Սարգսյանը լիովին ունակ է կատարելու ներկայացուցչական պարտականությունները. քաղաքագետ
- ՀՀ նախագահի ՀՀԿ թեկնածուն Արմեն Սարգսյանն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան