Քննություն է տարվում՝ պարզելու դատապարտյալի մահվան հանգամանքները. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող դատապարտյալի մահվան հանգամանքները:
Քննչական կոմիտեից հայտնում են. «2018թ. հունվարի 3-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ քրեակատարողական հիմնարկի հերթապահ բժշկական խմբի աշխատակիցները ժամը 23:30-ի սահմաններում այցելել են հոգեբուժական բաժանմունքի հիվանդասենյակներից մեկը՝ դատապարտյալ Մ.Խերունցին բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով, և նրան հայտնաբերել մահացած: Կատարվել է դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննությամբ ակնհայտ թարմ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Օրեր անց՝ հունվարի 6-ին, մահացած դատապարտյալի եղբայրը լրատվական կայքերից մեկին կարծիք է հայտնել, որ նշված ՔԿՀ-ում եղբորը պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել։ Ըստ նրա՝ 2018թ հունվարի 3-ին՝ ժամը 21:00-ին, բաժանմունքի կալանավորներին պահելու խցերի դռները փակելուց հետո, եղբոր ինքնազգացողությունը վատացել է, և կալանավորները պատուհանից օգնություն են կանչել, սակայն բժիշկները եկել են ուշացումով՝ 15 րոպե անց, երբ նա արդեն մահացած է եղել:
Դեպքի առթիվ ՀՀ դատախազությունում հարուցված քրեական գործը հունվարի 18-ին ընդունվել է վարույթ։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան