Թումանյանում սողանքի ակտիվացմանը հիմնականում նպաստել են ստորգետնյա ջրերը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հունվարի 21-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում ակտիվացած սողանքի երկրաբանաինժեներական հետազոտությունների արդյունքները, ակտիվացած սողանքային գոտու տարածման ռիսկերը և ստեղծված իրավիճակի լուծման ուղիները:
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանի գլխավորած աշխատանքային խումբը ներկայացրել են սողանքի տարածքում վերջին օրերին իրականացված հետազոտությունների արդյունքները: Սողանքային գոտում կատարված միկրոտատանումների գրանցումները, հեռահար նկարահանումը, ճեղքերի մանրակրկիտ քարտեզագրումը հնարավորություն են տվել կառուցել սողանքի եռաչափ մոդել, որոշել սողանքի մոտավոր ծավալը և ընդհանուր մակերեսը:
ՀՀ վարչապետի օգնական Կարապետ Վարդանյանը ներկայացրել է Թումանյան համայնքում սողանքի ակտիվացման պատճառները, նշելով, որ ակտիվացմանը հիմնականում նպաստել են ստորգետնյա ջրերը, սողանքի վերևում գտնվող ջրավազանը, ինչպես նաև՝ մոտակայքում գտնվող երկաթգիծն ու ավտոճանապարհը: Կ. Վարդանյանը նշել է, որ ակտիվացած սողանքի երեք օջախներում օպերատիվ կերպով իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ, որոնք արդեն այս պահին տալիս են իրենց արդյունքը՝ նվազեցնելով սողանքի ռիսկը: Վաղվանից արդեն սողանքի տարածքում կկատարվի հորիզոնական հորատում:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ Թումանյանի սողանքի ակտիվացման դեպքում շատ արագ են արձագանքել բոլոր գերատեսչությունները, ինչի շնորհիվ հնարավոր եղավ նվազեցնել սողանքի ռիսկը: Այժմ աշխատանքներ կտարվեն ռիսկը չեզոքացնելու ուղղությամբ: Բացի այդ, ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի ՀՓՋ-ի ուժերով տեղում սահմանված է շուրջօրյա հերթապահություն, կատարվում է նաև սողանքի շարժի մշտական մոնիթորինգ: Դավիթ Տոնոյանն ավելացրել է նաև, որ սողանքի տարածքում բնակվող երկու ընտանիքները նախազգուշացվել են հնարավոր վտանգի մասին, նրանք ապահովվել են այլ բնակարանով՝ մինչև վտանգի ամբողջական չեզոքացումը: