Ռումինիայի ԱԳ նախարարն ընդունել է դեսպան Սերգեյ Մինասյանին
Հունվարի 25-ին Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Մելեշկանուն ընդունել է Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Ռումինայի ԱԳ նախարարը բեղմնավոր գործունեություն է մաղթել նրան: Թեոդոր Մելեշկանուն գոհունակությամբ նշել է, որ Ռումինիան առաջին երկրներից էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը և դիվանագիտական հարաբերություններ հաստատեց նրա հետ:
Նախարարը երկկողմ հարաբերությունների տիրույթում կարևորել է նաև Ռումինիայի հայ համայնքի դերը, որը շարունակում է ակտիվ ներգրավվածություն ունենալ ինչպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման, այնպես էլ՝ հայ ինքնությունը պահպանելու, հայոց պատմությունն ու մշակույթը ջատագովելու գործում:
Անդրադառնալով նախորդ տարվա նոյեմբերին Բրյուսելում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքմանը՝ դեսպան Մինասյանը նշել է, որ այն բարենպաստ հնարավորություն է ստեղծում երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման համար:
Զրուցակիցներն քննարկել են գալիք հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին ռումինական կողմի մասնակցության հարցը:
Քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը, երկկողմ տնտեսական հարաբերությունների խթանումը, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության զարգացումը, ապակենտրոնացված համագործակցությունը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգային ոլորտներում շփումների ակտիվացումը:
Հանդիպան վերջում ՀՀ դեսպանն անդրադարձել է երկու նշանակալի հոբելյաններին, որոնք Հայաստանը և Ռումինիան նշում են ընթացիկ տարում` Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակը և Ռումինիայի միավորման 100-ամյակը:
Շնորհակալություն հայտնելով նախարար Մելեշկանուին բովանդակալից զրույցի համար՝ դեսպան Մինասյանը հույս է հայտնել, որ նախարարը և ԱԳ նախարարությունը աջակցություն կցուցաբերեն իր դիվանագիտական աշխատանքում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը