Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացվեց Գեղամ Գրիգորյանի հուշարձանը
20-րդ դարի լավագույն տենորներից մեկը՝ անվանի օպերային երգիչ, բեմադրիչ, Հայաստանի և Լիտվայի հանրապետությունների ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանը կյանքից հեռացավ 2016 թվականի մարտին: Բազմաթիվ ծրագրերով ու նպատակներով լի արվեստագետն ընդամենը 65 տարեկան էր:
ՀՀ մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, ՀՀ-ում Լիտվայի և Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանների , Գեղամ Գրիգորյանի հարազատների ու արվեստի երկրպագուների մասնակցությամբ, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում այսօր բացվեց մեծանուն արվեստագետի հուշարձանը: Հեղինակը վրաց քանդակագործ Թեյմուրազ Մուրվանիձեն է:
«Կարող եմ ասել, որ Գեղամի հետ եղբայրներ ենք եղել: Միասին աշխատել ենք Մարիինյան թատրոնում: Նա այն տարիների թիվ մեկ մենակատարն էր, ես՝ թատրոնի գլխավոր նկարիչը: Այնպես որ, նրա արվեստն ինձ ծանոթ է ու չափազանց սիրելի: Իմ մտերիմներից էր նաև Դոմինգոն, որն ասում էր՝ այսպիսի կոկորդ աշխարհում գոյություն չունի: Գեղամ Գրիգորյանն, իսկապես, աշխարհի լավագույն տենորներից մեկն էր: Իմ քանդակը մարմնավորում է նրա մեծ հոգին ու տաղանդը: Սա թռչուն է, որի թևերը տարածվում են ներքևից դեպի վեր՝ ներկայացնելով Գեղամի ձայնի անսահմանությունն ու ուղղելով այն դեպի երկինք»,- ասաց նա:
Վրաց քանդակագործին ու հայ տենորին միավորել է նաև հումորի զգացումը: Թեյմուրազ Մուրվանիձեի խոսքով, շատերը սիրում էին հավաքվել նրանց շուրջն ու լսել զավեշտալի բազմաթիվ պատմությունները:
«Մենք Հայոսի ու Քարթլոսի եղբայրության իրական խորհրդանիշ էինք դարձել: Ցավոք, Գեղամը շուտ հեռացավ կյանքից: Մի անգամ ինձ ասաց՝ երբ մեռնեմ, իմ արձանը դու՛ կքանդակես: Ես էլ ասացի՝ հերթ գոյություն ունի, բարի եղիր պահապանել այն: Ես քեզնից մեծ եմ 12 տարով: Բայց եղավ այն, ինչ եղավ»,- պատմեց նա: Գեղամ Գրիգորյանի մահվան լուրը ստանալուց հետո եվրոպական օպերային թատրոնները, որտեղ գոնե մեկ անգամ հանդես էր եկել Գրիգորյանը, 24 ժամ շարունակ հնչեցրին նրա օպերային կատարումներից որևէ մեկը:
Ըստ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի, սա վկայում էր այն մասին, որ գործ ունենք համաշխարհային մեծության աստղի հետ, և վաստակելով այդ համբավը, սերը, հեղինակությունը, Գեղամ Գրիգորյանը չափազանց բարձր պահեց հայկական կատարողական արվեստի նշաձողը, որին պետք է ձգտեն մեր կատարողները:
«Հեռուստատեսային մի հաղորդման ժամանակ Գեղամ Գրիգորյանին հարցրին՝ ի՞նչ մասնագիտություն կընտրեր, եթե չդառնար օպերային երգիչ: Մաեստրոն պատասխանեց՝ շինարար: Իրականում նա հենց «շինարարությամբ» էլ զբաղված էր, զբաղված էր մեր հոգիների, երևակայության շինարարությամբ: Գեղամ Գրիգորյանի կատարումները դեռ երկար ունենալու են իրենց ազդեցությունը: Նա ուներ բազմաթիվ նպատակներ ու ծրագրեր: Մի առիթով զրուցում էինք, և նա շատ զարմացած նշեց՝ ինչպե՞ս է ստացվում, որ եվրոպական օպերային թատրոնները կարողանում են միանգամից երեք տարվա խաղացանկ մշակել, իսկ մենք չենք կարողանում մշակել անգամ երեք շաբաթվա խաղացանկը: Մեծ վարպետի շիրիմի առջև ուզում եմ խոստանալ, որ այս տարի ունենալու ենք առնվազն մեկ տարվա հստակ խաղացանկը, և տարվա ընթացքում իրականացնելու ենք Գեղամ Գրիգորյանի երազանքներից մի քանիսը»,- ասաց նա:
Լիտվայում հայտնի սոպրանո Հասմիկ Գրիգորյանը երկու հանրահայտ օպերային երգիչների՝ Գեղամ Գրիգորյանի և Իռենա Միլկյավիչույտեի դուստրն է: Նա լավագույն դերերն է կատարել Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում: Այսօր ներկա էր հոր՝ Գեղամ Գրիգորյանի արձանի բացման արարողությանը:
«Տարօրինակ զգացում ունեմ. նայում եմ այս քանդակին, որի հեղինակը մեր ընտանիքի լավ բարեկամն է, տեսնում եմ գեղեցիկ աշխատանք, որը, սակայն, ոչ մի կերպ չեմ կարողանում աղերսել հորս կորստի հետ: Կցանկանայի Երևանում գտնվել այլ առիթով: Միակ զգացումը, որն այս պահին ունեմ, կարոտն է: Ես սարսափելի կարոտում եմ հայրիկիս, և դեռ չեմ համակերպվել այն մտքին, որ նա այլևս իմ կողքին չէ»:
Տաղանդից զատ, Գեղամ Գրիգորյանը դստերն է փոխանցել նաև հայերենի իմացությունը: Ոչ այնքան վարժ, բայց խոսում է հայերեն՝ երբեք չապրելով Հայաստանում: Հայերենը փորձելու է փոխանցել նաև իր զավակներին:
Հասմիկի՝ հորից ստացած, թերևս, կարևորագույն պատգամը՝ ապրել այնպես, որպեսզի հեռանալուց հետո մարդիկ հիշեն ժպիտով: