Կձեռնարկվի բոլոր հնարավոր միջոցներն առկա սակագինը չթանկացնելու համար. Վահե Նիկոյան
Երևանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծով հաշվարկված 939 ավտոբուսները և 111 տրոլեյբուսները բավարար են մայրաքաղաքի ուղևորների լիարժեք սպասարկումն ապահովելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Երևանի փոխքաղաքապետ, հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանաքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը:
Նրա խոսքով՝ նոր ցանցով նախատեսված 42 երթուղիներն ընդգրկելու են մայրաքաղաքի ողջ տարածքը. «Նոր ցանցը գծվել է միկրոավտոբուսների բացառման սկզբունքով: Միևնույն ժամանակ նախատեսվում են բավականին խիստ և հավակնոտ չափորոշիչներ ավտոբուսների համար, ինչը նշանակում է, որ, օրինակ շահագործման ժամկետը լրացած տրանսպորտային միջոցներ չեն կարող գործարկվել, տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, հարմարավետության պահանջներին, ինչպես նաև՝ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց կարիքներին»:
Նա նշեց, որ հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացը ենթադրում է, որ ոլորտում առկա սկզբունքները և մոտեցումները փոխվելու են:
«Փոփոխությունների արդյունքում վերանալու է նաև «գծատեր» երևույթը: Սա նշանակում է, որ լիազորությունների գերակշիռ մասը, հավաքման և վերահսկման մեխանիզմների պատասխանատվությունը ստանձնելու է մեկ կենտրոնական մարմին:
Գործունեության հստակ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում միայն ներդրողները կարող են մրցութային կարգով միանալ գործընթացին: Թեև այս պահին մեխանիզմները վերջնականապես հաստատված չեն, այնուհանդերձ, խորհրդատու կազմակերպության առաջարկներում գերակշռում է «վերահսկման համայնքային կառույց և ծառայության մատուցման մասնավոր կառույց» (մեկ կամ մի քանի օպերատոր) մոդելը: Այս մոդելի պարագայում կբացառվեն կամայականությունները, իսկ քաղաքացիները վստահ կլինեն, որ իրենց մատուցվելու է պատշաճ ծառայություն»,- նշեց քաղաքապետի տեղակալը:
Ինչ վերաբերում է հասարակությանն ամենաշատը հուզող հարցին՝ սակագնին, Վահե Նիկոյանն ասաց. «Քաղաքապետարանը կձեռնարկի բոլոր հնարավոր միջոցներն առկա սակագինը չթանկացնելու համար, և գործընթացը կլինի բաց ու թափանցիկ»:
Անդրադառնալով վարորդների հարցին, նա նշեց, որ կրճատումներ չեն նախատեսվում, վարորդները կաշխատեն հերթափոխով:
Հարակից հրապարակումներ`
- Երևանի տրանսպորտի նոր ցանցի համար 100 միլիոն դոլարից ավելի ներդրում պետք է արվի. «Հրապարակ»
- Տրանսպորտային նոր ցանցի նախագծով երթուղային 115-ի փոխարեն կգործի 42 գիծ
- Գծատերեր չենք ունենա, կունենանք օպերատոր կամ օպերատորներ. Վահան Մարտիրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Բագրատ Սրբազան. Գիտենք թշնամու ախորժակը և այն, թե մեր իշխանություններն ինչպես են վերաբերվում դրան