Մեկ տարում մսի գինն աճել է 13.1%-ով, ձկան գինը՝ 25.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համամձայն՝ մսամթերքի ապրանքախմբում 2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ գրանցվել է 13.1%, 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.0% գնաճ:
Գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արտաշատում, իսկ մայրաքաղաքում մսամթերքի գների ընդհանուր մակարդակն աճել է 1.4%-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում 2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ արձանագրվել է 25.9%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ`0.6% գնաճ: Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ ձկնամթերքի գներն աճել են 0.3-1.2%-ով (մայրաքաղաքում ձկնամթերքի գների մակարդակն աճել է 1.0%- ով), 4-ում արձանագրվել է 1.0-0.2% գնանկում, իսկ մեկում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում այս տարվա հունվարին 2017թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.1%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ (ձվի գինը նշված ժամանա կահատվածում նվազել է 0.3%-ով):
Ինչ վերաբերում է շաքարի և շաքարավազի գներին, ըստ վիճակագրության, 2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ գրանցվել է 8.1%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.4% գնանկում:
2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի և կակաոյի 0.2% գնաճ, իսկ հրուշակեղենի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է յուղերի և ճարպերի՝ 13.5% գնաճ, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.4% գնանկում: Վերջինիս մեծապես նպաստել են կարագի՝ 1.0% և մարգարինի 0.8% գնանկումները: Հացաբուլկեղենի և ձավարեղենի գները նույնպես, ըստ ԱՎԾ-ի, 2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում նվազել են 0.2%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը