Ճապոնիայում ձյան պատճառով 15 մարդ է մահացել
Ճապոնիայի հյուսիսում և Ճապոնական ծովի ափին տեղացած առատ ձյան հետևանքով տասնհինգ մարդ զոհվել է, 222-ը ստացել են վնասվածքներ: Այս մասին հայտնել է Ճապոնիայի համազգային գործերի նախարարության հրշեջ պահպանության վարչությունը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նշվում է, որ երեք պրեֆեկտուրաներում, որոնց բաժին է հասել հիմնական հարվածը՝ Ֆուկուիում, Նիիգատայում և Տոյամայում մահացել է 15 մարդ: Հոնսյու հիմնական կղզու հյուսիսում և Ճապոնական ծովի ափին տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 222 մարդ: Առավել հաճախ մահվան պատճառ է դարձել տանիքներից մարդկանց վայր ընկնելը: Բնակիչները վախենում են, որ ձյան ծանրությունից տանիքները կփլվեն և ստիպված այդ եղանակին իրենց ուժերով մաքրում են դրանք:
Ըստ աղբյուրի՝ չորեքշաբթի Ֆուկուիում ձյան ծածկույթի բարձրությունը հասնում է 2,78 մետրի, Նիիգատայում՝ 2,5 մետրի, իսկ Տոյամայում՝ ավելի քան 60 սանտիմետրի։