ՀՔԾ. ՔԿ պաշտոյաների կողմից կաշառք ստանալու գործն ուղարկվել է դատարան
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը նույն բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են՝ պարզվել է, որ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով Ս. Գասպարյանը որպես մեղադրյալ է ներգրավված եղել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցանքի կատարման համար: Սակայն վերջինիս հայրը` Բաբկեն Գասպարյանը, նախաքննության ընթացքում այցելել է հիշյալ քննչական բաժին և տվյալ գործով վարույթն իրականացնող քննիչ Մ. Զադոյանին առաջարկել առանձնապես խոշոր չափերով` 3000 ԱՄՆ դոլար կաշառք` որդուն առավել մեղմ քրեական պատասխանատվության ենթարկելու համար:
Մ. Զադոյանն ընդունել է կաշառք ստանալու առաջարկը, այնուհետև այդ մասին հայտնել է նաև իր վերադասին: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Գ. Գալոյանը, վերջիններիս համար վերացնելով անձամբ կաշառատուից գումարն ստանալու պարագայում հավանական բացահայտման խոչընդոտը, Բ. Գասպարյանից 2016թ. դեկտեմբերի 29-ին ստացել և Մ. Զադոյանին ու Բ. Եղիազարյանին է փոխանցել 3000 ԱՄՆ դոլար կաշառքը:
Այսպիսով, Բունիաթ Եղիազարյանը, Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբով, փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:
ՀՔԾ-ից ավելի վաղ հայտնել էին, որ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Մ. Զադոյանի, դրան օժանդակելու մեջ մեղադրվող Գ. Գալոյանի և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ մեղադրվող Բ. Գասպարյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան