Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները ևս ստիպված էին դիմագրավել կիբեռհանցագործների կիրառած նոր տեխնոլոգիաներին. Արմեն Կարապետյան
«Նախորդ տարին նշանավորվեց ամբողջ աշխարհը ցնցած կիբեռգրոհներով և միջադեպերով, որոնք հսկայական վնաս պատճառեցին տարբեր ոլորտների կազմակերպություններին»,- այս մասին այսօր Երևանում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության անցկացրած սեմինարի ժամանակ նշել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Սեմինարը կրել է «Հայացք ֆինանսական անվտանգությանը» խորագիրը։
«Հայաստանի ֆինանսական կազմակերպությունները ևս ստիպված էին դիմագրավել կիբեռհանցագործների կիրառած նոր տեխնոլոգիաներին և գործիքներին, որոնց հայտնաբերումը, վնասի կանխարգելումը և նվազագույնի հասցնելը գնալով ավելի շատ գիտելիքներ, մեծ ջանքեր և համակարգված աշխատանք է պահանջում ֆինանսական կազմակերպությունների տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության ստորաբաժանումներից։ Դրանով է պայմանավորված, որ «Կասպերսկի Լաբորատորիա»-ն որոշեց այս տարվա երևանյան գործնական սեմինարին անցկացնել կիբեռնմանակման երկու խաղ, որոնց ընթացքում ստացված փորձը և գիտելիքները, համոզված եմ, հաջողությամբ կկիրառվեն Հայաստանի ֆինանսական կազմակերպություններում»,- նշել է նա։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի Հայաստանի ներկայացուցչությունից հայտնում են, սեմինարին մասնակցել են ՀՀ գերատեսչությունների և ֆինանսական հատվածի առաջատար ընկերությունների ներկայացուցիչները (բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, բջջային կապի և ինտերնետի օպերատորներ)։
Ընկերության նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաևը ներկայացրել է «Կիբեռհանցագործներն ընդդեմ ֆինանսական կազմակերպությունների. միջադեպերի ամփոփում, 2018 թվականի կանխատեսում և պաշտպանության ադապտիվ մոդել» թեման, իսկ Kaspersky DDoS Protection նախագծի մենեջեր Ալեքսեյ Կիսելևը՝ «Ինչպե՞ս ապահովել DDoS-գրոհներից սեփական անվտանգությունը» թեման։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հատուկ նախագծերի բաժնի ղեկավար Ալեքսեյ Գորելկինն անցկացրել է «Ինտերակտիվ կիբեռնմանակում» խորագրով երկու տարբեր գործնական խաղեր, որոնց ընթացքում սեմինարի մասնակիցներն արդիական հմտություններ են ձեռք բերել իրական կիբեռհարձակմանը նմանակող պայմաններում անվտանգության խնդիրներ լուծելով։
Լրահոս
Տեսանյութեր
Հրապարակային ասում եմ՝ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյան, պետք է ներողություն խնդրես. Բագրատ Սրբազան