Diana Eyvonah. Յուրօրինակ լուծումներով հայկական նոր բրենդի առաջին հավաքածուն
Դասական, յուրօրինակ լուծումներով և ամենակարևորը, հայկական արտադրության հագուստ և աքսեսուարներ նախընտրող կանայք այսուհետ կարող են օգտվել Diana Eyvonah բրենդից. փետրվարի 17-ին կայացավ առաջին հավաքածուի շնորհանդեսը: Ցուցադրությունը բացվեց Նինա Հովնանյանի «Հայաստանի գանձեր» խանութ-սրահում:
Բրենդի հիմնադիրը և դիզայները Դիանա Հովեյանն է:
«Ներկայացնում ենք կանանց համար նախատեսված հագուստ ու աքսեսուրաներ, որոնք բացառապես կարված են իտալական կտորներից ու կաշվից: Հագուստը, պայուսակները, ձեռնոցներն ամբողջությամբ կարվում են Հայաստանում՝ հայ դերձակների կողմից, իսկ դիզայնով ինքս եմ զբաղվում»,- շնորհանդեսից հետո Panorama.am-ի հետ զրույցում ասաց Դիանա Հովեյանը:
Նշենք, որ բրենդի հիմնադիրը մասնագիտությամբ ճարտարապետ է, ինչն էլ օգնում է հագուստին ճարտարապետական ուրվագծեր հաղորդել:
Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղից կարելի է ձեռք բերել Diana Eyvonah-ի հագուստներն ու մոտավորապես որքան գումարով, մեր զրուցակիցն ասաց. «Հագուստներ կարելի է ձեռք բերել «Հայաստանի գանձեր» խանութ-սրահից: Իսկ գները սկսվում են մոտավոր 40 հազար դրամից: Այն միջինից մի փոքր բարձր է, բայց որակի հետ համահունչ է»:
Դիանա Հովեյանը պատմեց նաև, որ հագուստի սեփական հավաքածու ունենալը իր մանկության երազանքն է եղել, իսկ ոգեշնչման աղբյուրը տատիկն է եղել, ով ժամանակին ևս զբաղվել է հագուստի ձևավորմամբ:
Panorama.am-ի հետ իր տպավորություններով կիսվեց շնորհանդեսին ներկա Ալվինա Հովակիմյանը. «Ցանկացած հայկական արտադրանք ողջունելի է, մենք հոգնել ենք թուքական ապրանքներից, մենք կարող ենք կրել հայկականը, ունենալ որակյալ հագուստ և լինել նորաձև: Այս բրենդի առավելությունը նրա մեջ է, որ բավականին որակով և թանկարժեք կտորներից Դիանան կարողացել է մատչելի ու գեղեցիկ հագուստ ստանալ: Աշխատանքը ևս շատ մանրակրկիտ է կատարված, գեղեցիկ կերպով գեոմետրիկ ու աբստրակտ համադրություններ են արված»:
Diana Eyvonah բրենդը շուտով կունենա իր պաշտոնական կայքը և օնլայն վաճառք էլ կիրականացնի, իսկ հետագայում կներկայացնի նաև մանկական հագուստի հավաքածու:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին