Մեկնարկում է նոր ծրագիր` ուղղված կաթի արտադրության ոլորտի բարելավմանը
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ագրոտնտեսագետ Ջոն Օ՛Քոնելի գլխավորած պատվիրակությանը: ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, «Անասնակերի մատակարարման և կաթի վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում» ծրագրի մեկնարկին և իրականացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:
«Սա մեզ համար շատ կարևոր ծրագիր է: Մենք ունենք անասնապահության լավ պատմություն և ոլորտում ոչ գոհացուցիչ իրավիճակ: Գիտենք` ուր ենք ուզում գնալ, սակայն ունենք հարցադրումներ, որոնց պատասխաններն ու լուծումներն ակնկալում ենք այս ծրագրից»,- նշել է Իգնատի Առաքելյանը:
Նախարարը հույս է հայտնել, որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի առկա խնդիրների լուծման բանաձևերը գտնել, ինչը հիմք կհանդիսանա ոլորտի երկարաժամկետ ռազմավարության մշակման համար: Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարևորել է արոտավայրերի, կենդանիների տոհմային հատկանիշների բարելավմանը, առավել արդյունավետ կերարտադրության զարգացմանը, կաթի որակի բարձրացմանը, կենդանիների արդյունավետ պահվածքին առնչվող հարցերը:
Ջոն Օ՛Քոնելը, ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները, նշել է, որ այն ունի երկու բաղադրիչ: Առաջինը վերաբերում է կերարտադրության ոլորտի ուսումնասիրությանը, որի շրջանակում նաև երկրի շրջակա միջավայրին առավել հարմար այլընտրանքային կերարտադրության տարբերակներ կընտրվեն և արդյունքում կմշակվի տնտեսական մոդել` ուղղված կերարտադրության միջոցով կաթի արտադրության ավելացմանը:
Երկրորդ հետազոտությունը նվիրված կլինի կաթի վերամշակման ոլորտի ուսումնասիրությանը: Բացի այդ, հարցում կիրականացվի սպառողների շրջանում: Այս երկու ուսումնասիրությունները համադրելով` կստեղծվի ներդրումների ճանապարհային քարտեզ:
Հարակից հրապարակումներ`
- 2019 թվականից նախատեսվում է կաթի մթերման գործընթացը կանոնակարգող նոր ծրագիր մեկնարկել
- Հայաստանում պանրի, կաթի արտադրության ծավալներն աճել են, թթվասերինը՝ նվազել