Կրթված կանայք պիտի աջակցեն բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն փոխելու մտածելակերպը. Բաբլոյան
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամների հետ հանդիպմանը բարձր է գնահատել է կանանց գործունեությունը պետական կառույցներում, ներգրավվածությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքին:
ԱԺ հանրային կապերի վարչությանից հայտնում են, որ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ հայ կինը, հայ մայրն անուրանալի դեր ունի հայկական ավանդական ընտանիքի պահպանման, երեխաների հայեցի դաստիարակության գործում: Նա նշել է, որ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի կողմից իրականացվող ծրագրերը նպաստում են մեր հասարակության մեջ կնոջ դերի բարձրացմանը և գնահատմանը:
Ըստ Արա Բաբլոյանի՝ կրթված կանայք պիտի աջակցեն բոլոր նրանց, ովքեր կարիք ունեն փոխելու մտածելակերպը, տղամարդու և կնոջ իրավահավասարության մասին պատկերացումները:
ՀՀ ԱԺ նախագահի կարծիքով՝ այս հարցերում գործնական փոփոխությունների կարիք կա. Հայաստանն աշխարհին պետք է ներկայանա որպես քաղաքակիրթ դիմագիծ ունեցող երկիր:
Խորհրդարան այցելած կանայք իրենց մտահոգող հարցերն են ուղղել Արա Բաբլոյանին. դրանք վերաբերել են համայնքների խոշորացմանը, ընտանեկան բժշկությանը և հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներկայացվածությանն առնչվող խնդիրներին:
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամների հետ հանդիպել են նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը և Արաիկ Հովհաննիսյանը:
Կարևորելով օրենսդիրների հետ հանդիպումները՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը հույս է հայտնել, որ բարձրացված հարցերին ապագայում կտրվեն դրական լուծումներ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը