Վարկանիշային ընտրակարգն օր առաջ պետք է փոխվի. Նաիրա Զոհրաբյան
Վարկանիշային ընտրակարգն օր առաջ պետք է փոխվի: ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցին:
Նրա խոսքով, ցանկացած ընտրակարգ ընդունելի է, եթե ընտրությունները չեն կեղծվում, տեղի են ունենում օրենքի սահմաններում: «Սակայն վերջին ընտրություններին աշխատել է փող գումարած վարկանիշ բանաձևը: Մեր առաջարկն է անցնել պարզ համամասնական ընտրակարգի»,- ասաց պատգամավորը:
Նաև հիշեցրեց, որ ՀՅԴ-ն վարկանիշային ընտրակարգի թերի լինելու հարցում միակարծիք է իրենց հետ, սակայն միաժամանակ նկատեց, որ չեն կարող այնքան սպասել, մինչև Դաշնակցությունը համոզի ՀՀԿ-ին: Դա Զոհրաբյանի խոսքով, կարող է տևել ևս 125 տարի:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ դեմ է այս փուլում ընտրական գործող մոդելի փոփոխությանը:
«Կոնսենսուսի արդյունքում ԲՀԿ-ն այն ժամանակ համաձայնություն է տվել վարկանիշային ընտրակարգին: Քաղաքական կոնսենսուսով կայացված որոշումը չենք կարող միանգամից փոխել, անհրաժեշտ են քննարկումներ»,- ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանն առաջարկեց հանձնաժողովին բացասական եզրակացություն տալ քննարկվող հարցին և ընդգծեց, որ ընտրակարգի շուրջ կոնսենսուի ժամանակ ՀՀԿ-ն ԲՀԿ-ին վերջնագիր չի ներկայացրել: Նա չբացառեց, որ ինչ-որ փուլում հարցի շուրջ կարող են քննարկումներ ծավալվել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ նշեց, որ ընտրակարգի մասին օրենքն Աստվածաշունչ չէ, որ հնարավոր չլինի փոփոխել:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը