Այս օրինագիծը վտանգ է ներկայացնում խոսքի ազատության առումով. Աշոտ Մելիքյան
«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծում խոսքի ազատությունը վտանգող սահմանափակումներ կան»,- այսօր «Փոփոխություններ Քրեական #օրենսգրքում. անվտանգության ապահովու՞մ, թե՞ այլախոհության ճնշում» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով՝ սա օրենքի լուրջ նախագիծ համարվել չի կարող։
«Այս օրինագիծը վտանգ է ներկայացնում արտահայտման և խոսքի ազատության առումով։ Հայաստանի առումով մենք, ցավոք, բազմաթիվ արտակարգ իրադրությունների ականատես ենք եղել և տեսել ենք, թե ինչ պայմաններում են լրագրողները և լրատվամիջոցերը աշխատում, սա լուրջ վտանգ է պարունակում։ Ես կարծում եմ, որ հենց հեղինակները այն եզրակացությանը պետք է գան, որ այս օրիանգիծը պետք է հանվի, թեկուզ հենց այն փաստով, որ e-draft.am-ում մի քանի անգամ ավելի շատ են դեմ արտահայտվողները, քան կողմերը»,- մանրամասնեց Աշոտ Մելիքյանը։
Նշենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում հանրային քննարկման են ներկայացվել «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։ Նախագծերի հեղինակը ՀՀ գլխավոր դատախազությունն է, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության միջոցով։
Կայքում պաշտոնական հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է. «Նախագծի ընդունմամբ առաջարկվում է քրեականացնել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչության հանցագործություն կատարելու հրապարակային կոչերը՝ ուղղված հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների ոլորտում պետության քրեական քաղաքականության խստացմանը և պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը»։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը շարունակեց, որ եթե հեղինակները սառը մոտենան, կհասկանան, թե սրա վնասը որքան կարող է լինել. «Կարծում եմ՝ առհասարակ ահաբեկչության դեմ պայքարը շատ կարևոր փուլ ունի, պետք է ամեն ինչ անել կանխարգելելու համար, ոչ թե լինելուց հետո մեղավորների հետ նաև կարծիք արտահայտողներին, իրավունքներ պաշտպանողներին, բոլորին հավաքեն, տանեն պատժեն կամ աչք վախեցնեն»։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան