Եթե համայնքներում մանկապարտեզներն օպտիմալացվեն, ծախսերի արդյունավետությունը կբարձրանա. Դավիթ Լոքյան
«Եթե մեկ համայնքում կա 3-4 մանկապարտեզ, որոնք գտնվում են 500 մետրից մինչև 1 կմ հեռավորության վրա, առաջարկում ենք, որ դրանք միավորվեն մեկ կառույցում, ունենան մեկ տնօրեն, որպեսզի համայնքում ծախսերի արդյունավետությունը բարձրանա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն՝ անդրադառնալով համայնքների խոշորացման հետևանքով մանկապարտեզների օպտիմալացմանը:
Նախարարը նշեց, որ օրինակ՝ Գյումրիում կա 26 մանկապարտեզ, և հարց է առաջանում՝ արդյոք հնարավոր չէ այնպես անել, որ երեք մանկապարտեզը մեկ միավոր դառնա, համայնքը ֆինանսավորի այն, ունենա մեկ տնօրեն, մեկ հաշվապահ: «Սա առաջարկ է, որ փոխանցել ենք համայնքներին: Օրինակ, Մեղրիի քաղաքապետարանն այս առաջարկն ընդունել է և որոշ կառույցներ այդ ճանապարհով կանոնակարգել է, մասնավորապես, Պիոներ պալատը, Մշակույթի տունը բերել է մեկ տանիքի տակ և դարձրել մեկ ընդհանուր համակարգ: Այսինքն՝ կառավարման արդյունավետության խնդիր է լուծվում»,- ասաց Դավիթ Լոքյանը:
Նա միաժամանակ նշեց, որ իրենք միայն առաջարկություն են ներկայացնում, որոշումը պետք է կայացնի համայնքը: Ըստ նրա՝ կան համայնքներ, որ այս ձևաչափը որդեգրել են:
Դավիթ Լոքյանի խոսքով՝ եթե մանկապարտեզների օպտիմալացման ճիշտ ընթացակարգերով առաջնորդվեն, որոշ համայնքներում միջոցները կավելանան:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ