«Ելք»-ի առաջնորդներն ամեն ինչ արել են, անում են և կանեն մարտի 1-ի բացահայտման համար. Մարուքյան
«Ելք» խմբակցությունում բոլորը տարբեր են, սակայն հավասար չափով ընդդիմադիր են: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մենք ունենք մեր գաղափարները, որոնց շուրջ դաշինք ենք ստեղծել: Բոլորն էլ համարձակ խոսում են: Խնդիրը հետևյալում է. այդ խոսակցությունը մեզ ուր կտանի և ինչ արդյուքններ կտա: Երբ կորոշենք, թե ինչ ծրագրով ենք հանդես գալիս, կհրապարակենք, բոլորդ կիմանաք»,- ասաց նա:
Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Սամվել Նիկոյանի այսօրվա ակնարկին, որ «Ելք»-ի առաջնորդներն իրականում չեն ցանկանում՝ մարտի 1-ը բացահայտվի , Էդմոն Մարուքյանն ըդգծեց. «Պարոն Նիկոյանը, կարծում եմ, շատ ոչ կոռեկտ հայտարարություն է արել: «Ելք»-ի առաջնորդներն ամեն ինչ արել են, անում են և կանեն մարտի 1-ի բացահայտման համար: Այսօր հարցը մտավ մեծ օրակարգ և կքննարկվի ԱԺ-ում: Մենք միշտ եղել ենք այն գծի մեջ, որ մարտի 1-ը բացահայտվի»:
Իսկ ինչո՞ւ է իշխանության մոտ տպավորություն, որ «Ելք»-ը մարտի 1-ի բացահայտում չի ցանկանում, հետաքրքրվեցին լրագրողները: Ըստ Մարուքյանի՝ դա մեղադրանք է՝ մեղադրանքի դեմ, ընդ որում՝ բավական պարզունակ:
«Մենք ասում ենք, որ իշխանությունները չեն ցանկանում, որ հարցը բացահայտվի: Ավելին, քանի դեռ այս իշխանությունը կա, չի էլ բացահայտվելու»,- ասաց նա:
Անդրադառնալով «Ելք»-ի «կողմ» քվեարկությանը՝ «Մարտի 1, 2-ի իրադարձությունների վերաբերյալ հայտարարության» նախագծի առաջարկն ընդգրկել ԱԺ նիստերի օրակարգում, Մարուքյանը նկատեց, որ սրանով ՀՀԿ-ն փորձ է անում իրենց փաստարկներից զրկել:
«Սա աբսուրդ է, որովհետև մեզ չեն կարող փաստարկից զրկել: Այդ հարցի քննարկման ժամանակ մենք ելույթներով հանդես ենք գալու և ներկայացնելու ենք և նախագիծը, և մեր փաստերը: Հետևանքը պետք էլինի մեղaվորներին բացահայտել-պատժելը, զոհերի և վիրավորների ընտանիքներին փոխհատուցելը, ինչպես նաև ճշմարտության հանձնաժողով ստեղծելը: Մարտի 1-ը մեր նորանկախ պետականության միակ սև էջը չէ, որի մասին հասարակությունը ճշմարտությունը չգիտի: «Ելք»-ըհամապարփակ բան է առաջարկել, ասել ՝ եկեք ստեղծենք ճշմարտության հանձնաժողով»,- ամփոփեց ընդդիմադիր պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը պետք է հակադարձի Նիկոյանին. Արամ Սարգսյան
- Իշխանությունը որևէ խնդիր չի տեսնում Ազգային ժողովում քննարկելու մարտի 1-ի հարցը. Նիկոյան