Քաղաքական 20:22 01/03/2018 Հայաստան

Ես վստահ եմ՝ եթե մենք մեր քայլերը ճիշտ կատարենք, ապա 21-րդ դարը մերն է լինելու. Արմեն Սարգսյան

Ազգային ժողովում այսօր քննարկվեց  Հանրապետության նախագահի ընտրության հարցը: Քննարկումը սկսվեց նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթվ, որի ընթացքում նա անդրադարձավ Հայաստանի ձեռքբերումներին, ինչպես նաև խոսեց խնդիրների մասին:

Նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ելույթն ամբողջությամբ.

«Հարգելի ներկաներ,

Մինչ ելույթիս անցնելը ցանկանում եմ հիշեցնել, որ ուղիղ 10 տարի առաջ այս օրը մեր երիտասարդ պետությունը, մեր ժողովուրդը բախվեց ծանր մարտահրավերի, ինչի արդյունքում ունեցանք անդառնալի կորուստներ: Գիտեմ, որ Ազգային Ժողովը մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգել է այսօր հոտնկայս: Ես ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել այս ողբերգական իրադարձության զոհերի հիշատակին:

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,
Օրենսդիր իշխանության հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Հիրավի, ինձ համար մեծ պատիվ է այս ամբիոնից՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու, ելույթ ունենալ Ձեր, ինչպես նաև ժողովրդի առջև:

Նախևառաջ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը իմ նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար: Ինձ արվեց առաջարկ, որն ինձ հնարավորություն է տալիս ընտրվելու դեպքում ներդրում ունենալ մեր երկրի համար կարևորագույն խնդիրների լուծման հարցում, ինչն անչափ բարձր եմ գնահատում:

Սա ինձ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև մեծագույն պատասխատվություն, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այժմ մեր երկիրը թևակոխում է զարգացման մի նոր փուլ՝ անցում կատարելով խորհրդարանական կառավարման համակարգի:

Կրկին ցանկանում եմ իմ շնորհակալությունը հայտնել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, պարոն Բաղդասարյան, առաջադրման համար, նաև Հայ Յեղափոխական դաշնակցությանը, պարոն Ռոստամյանին, առաջադրվելու համար, պարոն Գագիկ Ծառուկյանին և «Ծառուկյան» խմբակցությանը՝ պաշտպանելու համար, կուզեմ իմ շնորհակալությունը հայտնել «Ելք» դաշինքին, պարոն Փաշինյան, մեր ունեցած պրոֆեսիոնալ և կոնստրուկտիվ քննարկումների համար, Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին իմ ունեցած հանդիպումների ժամանակ պրոֆեսիոնալ, բաց և ազատ քննարկումների համար, որոնք ինձ համար շատ կարևոր էին և շատ օգտակար իմ վերջնական որոշումը ընդունելու պարագայում։

Օգտվելով այս բարձր ինստիտուտի՝ ՀՀ ԱԺ սրահից օգտվելու իմ յուրօրինակ հնարավորությունից՝ ուզում եմ իմ շնորհակալության խոսքը հղել նաև Ամենայն հայոց կաթողիկոսին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, ԱԺ ղեկավարությանը, Հանրապետության վարչապետին, Արցախի Հանրապետության նախագահին և գործընկերներին, խորհրդարանից դուրս գտնվող կուսակցությունների անդամներին և ղեկավարներին, հանրային, հասարակական, մշակութային, կրթական կազմակերպություններին, ուսանողներին, մտավորականներին և, ամենայն անկեղծությամբ, նաև պարզ մարդկանց, որոնց հանդիպել եմ, մանավանդ պարզ մարդկանց՝ լինի գյուղում, լինի քաղաքում, լինի համալսարանում, մարդիկ, որոնք այսօր իրենց ուսերին են կրում և՛ հաջողությունները և՛ դժվարությունները: Եվ նրանց կարծիքն ինձ համար շատ էական է եղել և շա՛տ կարևոր:

Ուզում եմ ձեզ հետ կիսվել, որ այն, ինչ լսեցի պարզ մարդկանցից, շատ արժեքավոր է, որևէ տեղեկատվություն կամ վերլուծություն՝ պաշտոնական կամ անպաշտոն, չի կարող փոխարինել այն, ինչ լսում ես իրական կյանքից, իրական դժվարությունները և հաջողությունները կրող մարդկանցից:

30 տարի առաջ մենք բոլորս, մանավանդ այն անձինք, ովքեր իմ նման երիտասարդ են, հավանաբար ձեզանից շատերը, կամ այն երիտասարդներ, ովքեր ավելի երիտասարդ են և 1988 թ. իրենց երիտասարդ տարիքում չէին կարող մասնակցել Արցախի համար ազատագրական պայքարին, շատ լավ հիշում են, որ 1988 թ. ազգային ազատագրական շարժումը մի յուրօրինակ պատմական երևույթ էր, որի կրկնությունը կամ նմանատիպը մեզնից որևէ մեկը չէր տեսել կամ չէր լսել:

1988թ-ին մենք բոլորս կրում էինք Խորհրդային Միության անձնագրերը, բայց սրտում կրում էինք դեռևս չկայացած Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը և երազանքը, և այդ երազանքը մերն էր, բոլորինս՝ սկսած Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինից, Վիկտոր Համբարձումյանից, Սիլվա Կապուտիկյանից, Սերգեյ Համբարձումյանից, Զորի Բալայանից, ովքեր ներկայացնում էին Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը՝ Խորհրդային Միության Գերագույն խորհրդում և մարտնչում էին Արցախի մեր ժողովրդի պայքարի համար այդ ամբիոններից մինչև օպերայի հրապարակում հավաքված բազմամիլիոն միտինգի յուրաքանչյուր քաղաքացի: Բոլորս խորհրդային էինք, բայց բոլորս ունեինք երազանքը և արդեն այդ չկայացած հանրապետության իրական քաղաքացի էինք:

Եթե հիշում եք, պայքարը սկսվեց նաև ոչ միայն Արցախի ժողովրդի պաշտպանության հետագա ազատագրության համար, այլ ժամանակի ընթացքում այն վերածվեց նաև անկախության, Հայաստանի նոր հանրապետության ստեղծման պայքարի, և եթե, լավ եք հիշում, նաև միջավայրի պաշտպանության հետ կապված հարցերի՝ ատոմակայանը փակելու, հատկապես Սպիտակի և Գյումրու մեծ աղետից հետո: Ատոմակայանը փակվեց, 1988թ-ին ունեինք մեծ երազներ, մեզ թվում էր, թե մեր հայրենիքը կարող ենք պահել միայն ջուր վաճառելով, կարծում էինք, որ կարող ենք ապրել առանց ատոմակայանի կամ ժամանակակից տեխնոլոգիաների, բայց բոլորս էլ վստահ էինք, որ մենք ճիշտ ենք, և հաղթանակը մերն է լինելու:

Իհարկե, տարիներ անցան, և այս պայքարը բոլորս ենք հիշում, ինչ դժվարին պայմաններում է. մեզ պարտադրված պատերազմական իրավիճակ, այն հետևանքները, որոնք հսկա աղետից՝ երկրաշարժից հետո, դեռևս լուծված չէին: Եվ ես իմ երախտագիտության խոսքն եմ ուզում որպես անհատ քաղաքացի ուղղել Սպիտակի և Գյումրիի մեր հայրենակիցներին, ովքեր ազատագրական պայքարի ամենադժվար օրերին իրենց արժանապատիվ լռությամբ և, բեռ չդառնալով մեզանից որևէ մեկի կամ պետության ուսերին, պայքարի մաս կազմեցին՝ հասկանալով, որ մենք ավելի կարևոր խնդիրներ ունենք լուծելու:

Գլուխ եմ խոնարհում մեր այս ազգային հպարտության և ազնվության առջև։ Իհարկե, անկախության 26 տարիները, ինչպես ասացի, հեշտ չեն եղել․ շրջապատում պատերազմ, անհրաժեշտություն, հսկայական մարդկային ռեսուրսներ և ֆինանսկան ռեսուրսներ կենտրոնացնել զուտ պաշտպանական խնդիրների վրա։ Հայաստանի Հանրապետությունն այսօր ունի բանակ, որն իր տեսակով և չափով չի զիջում շատ եվրոպական բանակների և նույնիսկ քանակով, սակայն այդ երկրներում բյուջեն բազմամիլիարդ է և այդ պետությունների բյուջեները բազմամիլիարդ են, բայց մենք կրում ենք այդ բեռն արժանապատվությամբ։ 26 տարիներն, իհարկե, հաղթանակների և անհաջողությունների տարիներ են, բայց 26 տարիները նաև մեր մեծ հաղթանակի տարիներն են՝ հաղթանակ արցախյան ազատամարտում, որը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը։ Տարիներ հետո, գուցե հարյուրավոր տարիներ հետո, մենք կրկին անգամ զգացինք հաղթանակի, մեծ հաղթանակի բերկրանքը և քաղցր համը, դարձանք ազգ, որն ուղիղ կանգնած է և վստահ է, որ ինքն իր մարդկային ռեսուրսներով, իր ժառանգությամբ, իր հոգևոր արժեքներով և պատրաստակամությամբ կարող է պաշտպանել իր իրավունքները:

Ունեցել ենք հաղթանակներ՝ Սարդարապատ, Բաշ Ապարան, ունեցել ենք մեծ կորուստներ, բայց Արցախյան հաղթանակը յուրօրինակ է և մեզ յուրաքանչյուրիս դարձնում է հաղթող ժողովրդի զավակ, որով պետք է հպարտ լինենք: 30 տարիների ընթացքում՝ հաղթանակների և հաջողությունների ընթացքում, կառուցեցինք հայրենիք, որն, իհարկե, 26 տարի առաջ շատ ավելի փոքր էր և՛ իր տնտեսական չափով և՛ հզորությամբ, սակայն գուցե ավելի արդարացի էր։ Հանրությունը շատ ավելի քիչ էր բաժանված աղքատի և հարուստի։ Այսօր մեր պետությունն ավելի հզոր է ու ավելի հարուստ, բայց նաև բևեռացված. և՛ հաջողությունների, և՛ դժվարությունների կողքին ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն, որոնք մեր բոլորի խնդիրն են։

Ինչևիցե, 26 տարիները մեր տարիներն են, մեր բոլորի տարիները, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլ նաև Արցախի ժողովրդի և մեր ողջ Սփյուռքի տարիներն են, մեր անհաջողությունները, հաջողությունները և դժվարությունները, այնպես որ՝ կարծում եմ հաջորդ 26 տարիները մենք պետք է կառուցենք՝ հիշելով և չմոռանալով այն հաջողությունների բանալին, որ ինքներս ենք հայտնաբերել և նաև չմոռանալով այն դասերը, երբ մենք արել ենք սխալներ, որպեսզի այլևս երբեք չկրկնենք դրանք։

Այսօր, այս պահին, մեր Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիները, Արցախի ժողովուրդը և Սփյուռքը կանգնած են նոր խաչմերուկի առջև։ Դա սահմանադրական փոփոխությունների և 21-րդ դար մտնելու նոր փոփոխություններն են:

Այսօր հասել ենք մի հանգրվանի, երբ անհրաժեշտ են դարձել որակական անցումներն ու էական տեղաշարժերն ինչպես պետական կառավարման համակարգում, այնպես էլ տնտեսության մեջ ու հասարակական կյանքում։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխումների համատեքստում օբյեկտիվ անհրաժեշտություն է դարձել Հայաստանի՝ որպես խորհրդարանական հանրապետության կառավարման համակարգի նորովի օրենսդրական կարգավորումը, պետական ապարատի արդյունավետության բարձրացումը, բոլոր պետական մարմինների փոխհամաձայնեցված գործունեության ապահովումը՝ ի շահ հասարակության առջև ծառացած խնդիրների լուծման։

Ավելի քան վստահ եմ, որ պետությունը կարող է դառնալ իրավական ու սոցիալական միայն այն դեպքում, երբ կապահովվեն իրական երաշխիքներ «Մարդը բարձրագույն արժեք է» սահմանադրական սկզբունքի կենսագործման համար։ Իսկ դա նշանակում է ապահովել մարդու իրավունքների և ազատությունների հարգման, իրացման, պաշտպանության հատուկ գործող կառուցակարգեր, բարձրացնել իրավապահ մարմինների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը հասարակության առջև, սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում անշեղորեն կիրառել օրինականության, ժողովրդավարության, հրապարակայնության, օրենքի առջև բոլորի հավասարության, մարդասիրության, արդարության սկզբունքները։

Հարկավոր է բարձրացնել հանրության վստահությունն արդարադատության մարմինների նկատմամբ, ինչը հնարավոր է միայն դատական իշխանության համակարգում կոռուպցիայի բացառման պարագայում։ Կարծում եմ՝ այստեղ իր վճռական խոսքը կարող է ասել սահմանադրական ամրագրում ստացած Բարձրագույն դատական խորհուրդը։ Քաղաքացիական հասարակության կայացման կարևոր պայման են հանրային և մասնավոր հատվածների համագործակցությունը, սոցիալական տարբեր շերտերի ներգրավումը համազգային նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների և կարողությունների սահմաններում։

Ժամանակի պահանջներին համահունչ պետության զարգացումը հնարավոր է անձ-հասարակություն-պետություն, այսինքն՝ այդ երեք հիմնական դրույթների փոխհարաբերություններում, նոր մշակույթի արմատավորման, փոխադարձ վստահության ու պատասխանատվության մթնոլորտի ձևավորման ճանապարհով:

Այս համատեքստում կցանկանայի առանձնացնել մի քանի մտքեր և սկզբունքներ, որոնք, կարծում եմ՝ պետք է դրվեն մեր գործունեության հիմքում, առնվազն իմ գործունեության հիմքում:

Առաջինը կանվանեի անհանդուրժողականություն կամ նախընտրելի է ուրիշ բառ՝ հանդուրժողականություն՝ ավելի դրական: Հնարավոր չէ զարգանալ և առաջ շարժվել, երբ հասարակությունը միասնական չէ, երբ ցանկացած՝ անգամ փոքր տարաձայնություն, արհեստական ջրբաժանների, հասարակության տարբեր հատվածների մարգինալացման պատճառ է դառնում, իսկ ցանկացած նոր, կառուցողական գաղափար անմիջապես մերժվում է միայն այն պատճառով, որ գալիս է «հակառակ թիմից»: Ով ով, բայց հայ ժողովուրդը անհանդուրժողականությանը տեղի տալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ: Ու խնդիրն այն չէ, որ անհադուրժողականությանը տեղի տալով մենք խոցելի ենք դառնում արտաքին թշնամու առաջ: Իրականում խնդիրն այն է, որ անհանդուրժողականության դեմ կանաչ լույս վառելով՝ մենք ինքներս ենք կոտրում լավ ապագա ունենալու մեր բոլոր հույսերը և հասարակության և հանրության հիմնական կառույցները:

Երբ ես խոսում էի անցած 30 տարիների մեր ձախողումների մասին կամ անհաջողությունների, նաև ի նկատի ունեի այն պատերը, որոնք կառուցել ենք ինքներս մեր մեջ, Հայաստանի և Սփյուռքի մեջ, Հայաստանի ներսում տարբեր շերտերի, քաղաքական ու սոցիալական տարբեր խմբերի միջև: Ցավալի է, որ փոփոխությունները, որոնք մեր երկիր եկան, և որոնց խորհրդանիշը Բեռլինյան պատի անկումն էր, մեզ տարան մի շարք նոր պատերի կառուցման, որոնք բոլորն էլ անհանդուրժողականության ծնունդ են:

Անհանդուրժողականության այլընտրանքը երկխոսությունն է, ազատ մտքի և կարծիքի արտահայտումը, միմյանց լսելու և հասկանալու անգնահատելի կարողությունը: Բնական վիճակ է, երբ օրակարգային մի շարք հարցերի շուրջ առկա են տարբեր մոտեցումներ ու ընկալումներ, սակայն անբնական է, երբ զուտ կարծիքների բազմազանությունը մենք վերածում ենք անհանդուրժողականության, ջնջում ենք հատման կետերն ու այրում կամուրջները: Անարդարության, խաբեության, կեղծիքի, կոռուպցիայի հանդեպ անգամ անպայմանորեն անհանդուրժող լինելով հանդերձ (այս բոլոր երևույթների նկատմամբ պետք է անհանդուրժող լինենք)՝ մենք որևէ դեպքում չպետք է թույլ տանք, որ այդ վիճակը խաթարի մեր հանրային համերաշխությունն ու միասնությունը:

Մյուս գաղափարը, որ կուզեի Ձեզ հետ կիսվել, պայքարն է անընդունելի երևույթների դեմ։ Գուցե գրառումս անվանեմ կոռուպցիայի մասին: Անշուշտ, կոռուպցիան ավերիչ ազդեցություն ունի մեր կյանքի բոլոր ոլորտների վրա, այն խաթարում է օրինական և բնական հարաբերությունների ողջ շղթան, մարդու իրավունքը դարձնում առք ու վաճառքի առարկա: Ցավալի է նաև, որ հասարակությունը, ընդհանուր դժգոհության կամ դժգոհություն արտահայտելով, առանձին կոնկրետ դեպքերում կամ առանձին փաստերի նկատմամբ կարող է ունենալ մեղմ ասած հանդուրժողական վերաբերմունք: Անհրաժեշտ է քաղաքական կամք վերջին տարիներին կառավարության կողմից իրականացվող մեծ համակարգված հետևողական աշխատանքը, որը ես գնահատում եմ, պետք է ունենա իհարկե լայն հանրային աջակցություն, օրինականության ամրապնդման յուրաքանչյուր փուլ, յուրաքանչյուր առանձին փաստ նպաստելու է հասարակության վստահության աճին: Իր հերթին, հասարակության վստահության մակարդակի բարձրացումը պարարտ հող կստեղծի օրինականության ամրապնդման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման համար: Շատ կարևոր է, որ այս գործընթացը լինի անշրջելի և մարդիկ հավատան դրան:

Հաջորդ սկզբունքը՝ քաղաքացիական հասարկություն կամ քաղաքացիների հասարակություն ես կանվանեի։ Անհրաժեշտ է, որ մենք և մեզանից յուրաքանչյուրը՝ լինի դա իշխանության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության, թե՛ լրատվական դաշտից, կարողանա ամբողջությամբ գիտակցել և կարևորել պատասխանատվության իր բաժինը երկրի զարգացման հարցում՝ չխուսափելով նաև որոշ դեպքերում նախաձեռնություն ցույց տալուց։

Քաղաքացի լինելն այն եզակի ռեսուրսներից է, որը մեզ կձերբազատի ամեն ինչում մեղավորներ և պատասխանատուներ փնտրելու երևույթից, կազատի ինքներս մեզ չարդարացված իներտության կարգավիճակում դնելուց և ուրիշներից ինչ-որ բանի պահանջ ներկայացնելուց։ Քաղաքացի լինելը, ինչպես նշեցի, մեր բացարձակ անհրաժեշտությունն է։ Ցավոք սրտի, 1988-ից մինչև այսօր կրում ենք ՀՀ քաղաքացու անձնագիրը, բայց մեր հոգում քաղաքացի լինելու ոգին 1988-ից մինչև այսօր, ես համենայն դեպս կարող եմ ասել, որ տեսնում եմ նվազած։

Պատմության կրիտիկական պահերին մենք բռունցքվել ենք, միասնական ու պատասխանատու ենք դարձել, կրկին դարձել քաղաքացի։ Եվ հեռու չէ 2016թ․ ապրիլը, և կրկին յուրաքանչյուր հայ երիտասարդ, մեր տարիքի անձնավորություն, ծեր և փոքր, կրկին դարձավ քաղաքացի և դուրս եկավ մեր երկրի, Արցախի պաշտպանությանը։ Իհարկե, սա միայն հայկական ֆենոմեն չէ, սակայն կարծում եմ, որ կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը քաղաքացի լինի այսօր, երեկ և վաղը և ոչ միայն այն պահերին, երբ մեծ վտանգ է սպառնում, որովհետև այսօրվա ռազմաճակատը պայքարի, Արցախի հիմնահարցի լուծման, մեր երկրի ամրապնդման, պաշտպանունակության, քաղաքացիական հասարակության կառուցման այսօրվա ճակատը ամեն օր է և ամեն պահի կարող է լուծվել միայն քաղաքացիների ընդհանուր ջանքերով։

Այս տարիների մեր մեծագույն ձեռքբերումներից մեկը քաղաքացիական հասարակության ստեղծումն է: Այսօր ունենք երկրի քաղաքական համակարգում իր տեղն ու դերը գիտակցող, սոցիալ-քաղաքական խնդիրների մասին իր պատկերացումերն ունեցող կենսունակ քաղաքացիական հասարակություն, որին վիճակված է մեծ դեր խաղալու Հայաստանի ժողովրդավարացման գործում՝ լինելով իշխանության թափանցիկ ու հաշվետու լինելու հիմնական պահանջատերը: Քաղաքացին պետք է արթնանա ոչ միայն համապետական և տեղական ընտրությունների ժամանակ կամ սոցիալական սուր հարցեր բարձրացնելիս, որ ինքնին բնական է և լավ, այլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշումը պետք է դրսևորվի ամենօրյա կյանքում՝ խոտելի երևույթների, անարդարությունների դեմ անհանդուրժողականությամբ։

Հաջորդ սկզբունքը կանվանեի սոցիալական արդարություն:
Սոցիալական արդարության պահանջը մեր հասարակության ամենազգայուն խնդիրներից մեկն է: Սոցիալական անարդարության յուրաքանչյուր դեպքի կամ նույնիսկ դրա մասին չճշտված որևէ տեղեկության նկատմամբ հանրության արձագանքը չափազանց սուր է, և դա պատահական չէ. հասարակության տարբեր շերտերի միջև առկա սոցիալական բևեռացման բարձր մակարդակը, գործազրկությունը, անտարբերությունը, բյուրոկրատական քաշքշուկը մարդկանց դարձնում են թերահավատ և օտարում հասարակական գործընթացներից: Ի վերջո, քրիստոնեական բարոյականության տեսակետից մարդը չի կարող իրեն լիարժեք երջանիկ զգալ աղքատության հարևանության պայմաններում: Հասկանալի է, որ ստեղծված իրավիճակի արմատական փոփոխությունը բոլորիս պարտքն է: Քաջալերելով սոցիալական անարդարության վերացման պետության նախաձեռնությունները՝  անհատների և հասարակական կազմակերպությունների ակտիվ վերաբերմունքը, բարեսիրական ու բարեգործական ծրագրերը, այնուամենայնիվ, հարցի ամբողջական և համակարգային լուծումը մեր բոլորի կարևոր խնդիրներից է։

Մյուս սկզունքը՝ երկարաժամկետ պլանավորում և շարունակելիություն. Մենք կկարողանանք քայլ առ քայլ հասնել մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը, եթե մշտապես շարժվենք խնդիրների լուծման թիրախային, նախապես մշակված գործողություններով: Անժխտելի է, որ պատմության քաղաքակրթական քառուղիներում մենք հասարակական-քաղաքական կյանքի տարբեր ոլորտներում հսկայական փորձ ենք կուտակել, հետևաբար, մեր առաջնթացի համար էական է շարունակելիության սկզբունքի պահպանումը, որի պարագայում ուղղակի չկա տարբերակ կամ պարբերաբար կրկնվող մի միտք, «ամեն ինչ ջնջելու և զրոյից սկսելու»: Ժառանգությունը, մեր փորձը հսկայական դեր ունեն մեր կյանքում: Հավատացած եմ՝ մեր ժողովրդի անցյալում՝ հեռու թե մոտ, չկա մի ժամանակաշրջան, որ մենք չունենանք լավը գտնելու ու ընդօրինակելու օրինակներ: 

Պետության առաջընթացը պահանջում է ինստիտուցիոնալ, նորմատիվ իրավական, գործառութային, կազմակերպչական լուրջ փոփոխություններ, սոցիալական բոլոր համակարգերում հստակ գործող կառուցակարգեր, հասարակական հարաբերությունների լիարժեք և արդյունավետ օրենսդրական կարգավորում։ Անհրաժեշտ է հասարակական իրավագիտակցության ու իրավական մշակույթի աստիճանական բարձրացում, օրենքի նկատմամբ հարգանքի և պատասխանատվության դաստիարակում։   
                                                        
Ես երազում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա դինամիկ զարգացող, ինտելեկտուալ երկիր և, որպես միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ, ավելի ամրապնդի իր դիրքերը որպես անկախ և ժողովրդավար պետություն։

Ազգային և պետական կարևորագույն արժեք ու հիմնասյուն է մեր մայրենի լեզուն, այն բացառիկ դեր ու նշանակություն ունի հայեցի մտածողության և աշխարհըմբռնման ձևավորման հարցում: Շատ ուրախալի է, որ բարեփոխված Սահմանադրության սահմանադրական կարգի հիմունքներում երեք /հ.հ. 15,19,20/ հոդված վերաբերում է հայոց լեզվին։

Ցավոք, պատմական հանգամանքների բերումով՝ ունեցել ենք լեզվական զգալի կորուստներ, և ոչ միայն մեր բարբառները բուն Հայաստանի Հանրապետությունում, որոնց նկատմամբ ես խորին հարգանք ունեմ, քանի որ դրանք մեր ազգային ժառանգությունն են, ամենամեծ կորուստը, որ կարող ենք ունենալ, կապված է արևմտահայերենի հետ, և մեզ պետք է զգոնացնի այն փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ արևմտահայերենը մտել է այն լեզուների շարքի մեջ, որոնք վտանգված են:  Հայկական պետականությունը և Սփյուռք-Հայաստան միասնությունը կարող է գոյություն ունենալ նաև երկլեզու հայ ժողովրդի միասնության պայմաններում։

Խոսելով մեր անբաժան մասնիկի՝ հայկական Սփյուռքի մասին, պետք է նշեմ, որ որպես Հայաստանի քաղաքացի և պետական ծառայող և որպես ազատ մարդ՝ ես ունեմ անձնական և ընտանեկան փորձառություն՝ Սփյուռքի հետ կապված: Սփյուռքն, իհարկե, իրականություն է, և աշխարհի մոտ 130 երկրներում, իմ գնահատականներով, 10-12 միլիոնից ավել հայեր են ապրում: Իհարկե, Սփյուռքի պատմությունը ես չպետք է որ Ձեզ ներկայացնեմ, սակայն եթե պատմականորեն նայենք ժամանակացույցին, մենք ժողովուրդ ենք, ով սկսել է հարաբերվել աշխարհի հետ՝ իր զավակներին ուղարկելով «ճանապարհորդության», բայց այդ ճանապարհորդությունը եղել է գործնական, առևտրական, մշակութային՝ ի տարբերություն այլ ազգերի, որոնք ճանապարհորդել են Ալեքսանդրի Մեծի նման ռազմական հաղթանակներով մինչև Հնդկաստան կամ Մեծ մոնղոլական հորդայից մինչև Եվրոպա: Մենք չենք եղել ռազմատենչ ճանապարհորդներ, եղել ենք գործնական տնտեսավարող և մեր մշակույթը մեզ հետ տանող:

Հայկական Սփյուռքը մինչև 19-րդ դարի վերջը և Մեծ Եղեռնը զարգացել է հենց այդ հիմունքներով, և շատ քիչ ազգեր կան աշխարհում, որ այսօր կարող են ասել, որ իրենք և տնտեսական, և մշակութային ներկայություն ունեն Սինգապուրից, Հոնկոնգից, Կալկաթայից, Մադրասից մինչև Պետերբուրգ, Մոսկվա, մինչև Փարիզ, Մանչեսթեր, Նյու Յորք, Լոս Անջելես և Բուենոս Այրես: Համարյա չկան այդպիսի ազգեր, քիչ են՝ մեկ, մի քանի: Սա հսկայական արժեք է: Իհարկե, հայկական Սփյուռքի մեծացման երկրորդ փուլը ողբերգական էր՝ Մեծ Եղեռնից հետո, սակայն մեր հայրենակիցները, կրելով այդ մեծ դժբախտության բեռը և հսկայական տնտեսական դժվարություններ, կարողացան իրենց վերականգնել, այդ երկրների լավ քաղաքացի դառնալ, նշանակալի ներկայություն և ազդեցություն ունենալ ոչ միայն այդ երկրների տնտեսությունների և մշակույթի մեջ, այլ դառնալ աշխարհին հայտնի աշխարհահռչակ մարդիկ, և տարօրինակ չէ, որ Հայաստանի Հանրապետության մի քանի ազգային հերոսներ ներկայացնում են և մեր Սփյուռքը՝ Քըրք Քըրքորյան, Էռնեկյան, Շառլ Ազնավուր, Մոնթե Մելքոնյան, ում ես դժվարանում եմ անվանել սփյուռքահայ, գուցե արցախահայ:

Փաստն այն է, որ Սփյուռքը նույնպես դինամիկ փոփոխությունների ընթացքի մեջ է, և այն ամեն օր դիմակայում է հսկայական փորձությունների, բավական է տեսնենք, թե ինչ է կատարվում Միջին Արևելքում, միգրացիոն պրոցեսները, որոնք կատարվում են աշխարհում՝ Միացյալ Նահանգներից մինչև Լատինական Ամերիկա և Եվրոպա:

Փաստ է նաև, որ Սփյուռքի ներուժի շատ չնչին մասն է օգտագործվում Հայաստանի զարգացման համար։ Անհրաժեշտ է համակարգված աշխատանքներ տանել այդ հսկայածավալ ներուժը Հայրենիքի գիտական, կրթական, սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների համար օգտագործելու ուղղությամբ։ Այս գործում և՛ պետությունը, և՛ Սփյուռքի բոլոր կառույցները պետք է ունենան հստակ ծրագրեր։ Հայկական սփյուռքի գոյությունը և գործունեությունը ինքնանպատակ չեն, դա սոսկ լեզվի, հավատի, հայրենի ավանդույթների պահպանությունը չէ: Սփյուռքը հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացման կարևորագույն երկու լծակներից մեկն է՝ հայրենիքի կողքին հավասար իրավունքներով և պատասխանատվությամբ:

Մեկ այլ խնդիր, որը կուզենամ շոշափել՝ արտագաղթի հարցն է: Արտագաղթի մասին խոսելիս կարող ենք տարբեր մոտեցումներ ունենալ, նախ՝ մարդկային տեղաշարժերը՝ միգրացիան կամ միգրացիոն երևույթները 20-21-րդ դարի երևույթ են։ Մարդիկ տեղափոխվում են մի տեղից մյուսն այսօր շատ ավելի ազատ աշխարհում, շատ ավելի մեծ հնարավորությունների, և այս արտագաղթի երևույթը կարող է նաև դիտարկել որպես դեմոգրաֆիկ երևույթ։

Դեմոգրաֆիկ խնդիրներ ունեն համարյա բոլորը՝ մեր հարևաններից սկսած, և եթե ծանոթ եք արտագաղթի այն թվերին, որ մեր հարևան պետություններում կան, կարծում ենք՝ չեք զարմանա, որ դրանք շատ չեն տարբերվում Հայաստանից, գուցե նաև ավելի մեծ են։ Դեմոգրաֆիկ խնդիրներ ունեն մեծ պետությունները։ Ռուսաստանն ունի հսկայական դեմոգրաֆիկ խնդիրներ։ Ռուսական բնակչության մեծ մասն Ուրալից դեպի արևմուտք է, իսկ Ուրալից դեպի Արևելք հսկայական տարածություններ բնակեցված չեն։ Դեմոգրաֆիկ խնդիրներ ունեն Միացյալ Նահանգները, և նախորդ ընտրություններին տեսաք՝ ինչպիսի արձագանք եղավ այդ դեմոգրաֆիկ խնդիրներին։ Եվրոպան ունի հսկայական դեմոգրաֆիկ խնդիրներ, որոնց արդյունքում այսօր մեծ լարվածություններ կան, և «Brexit» կոչվածի պատճառներից են նաև դեմոգրաֆիկ խնդիրները։ Բայց մեզ համար դեմոգրաֆիան ունի մի քանի խնդիրներ. նախ՝ մեզ համար համեմատաբար մեծ չափերի արտագաղթն է և ոչ բավարար ներգաղթը, քանի որ դեմոգրաֆիան միշտ բալանսի մասին է։ Չես կարող մարդկանց արգելել ճանապարհորդել, գնալ, տեղափոխվել մի տեղից մյուսը, սակայն եթե ճիշտ բալանս ունես և ավելի դրական բալանս ունես, եթե ներգաղթն ավելի մեծ է, քան արտագաղթը, շատ ավելի լավ։ Մեր դեպքում, ցավոք, այդպես չէ, արտագաղթը գերակշռում է ներգաղթին։

Ունենք նաև ուրիշ դեմոգրաֆիկ խնդիր, որովհետև 26 տարիների ընթացքում Հայաստանը կամաց-կամաց վերածվում է մի մեծ մայրաքաղաք-երկրի։ Հայաստանը սկսում է սեղմվել դեպի Երևան, իսկ Երևանն էլ տնտեսական ու զարգացման իմաստով՝ կամաց-կամաց դեպի Երևանի կենտրոն։

Սա մեծ և կարևորագույն խնդիր է, որի նկատմամբ պետք է լուրջ ուշադրություն սևեռել և որևէ լուծում՝ լինի դա հարկային արտոնություններ, վարկային արտոնություններ, ազգային ծրագրեր, քաջալերում, ազգային բարեգործություն, որևէ նման ծրագիր քաջալերման կարիք ունի, որովհետև մեր հեռավոր գյուղերը կարոտ են մեր ուշադրությանը, սահմանամերձ գյուղերը, ավանները կարոտ են այդ ուշադրությանը, և համասեռ պետք է վերաբաշխվի։ Իհարկե, Սփյուռքն այստեղ մեծ դեր ունի, մեծ դեր ունենք նաև մենք, որովհետև ինձ համար տարօրինակ պատճառներով մենք մեր ազգային արժեքների գնահատման ճանապարհին շատ պարզ քայլեր, չգիտես ինչու, չենք կատարում։

Կան տարբեր թվեր, թե Հայաստանից ամեն տարի որքան զբոսաշրջիկ է գնում հարևան Վրաստան, թվերը տարբեր են, բայց այդ թվերը հարյուրավոր հազարների են հասնում, մինչև մեկ միլիոնի։ Կան նաև թվեր, թե քանի զբոսաշրջիկ ունենք Գյումրի, Վանաձոր կամ Արցախ գնացող, և այդ թվերը հարյուրավոր հազարներ չեն։ Խոսքը մեկ-երկու տասնյակի կամ երեք տասնյակի մասին է։

Արցախը մեզ համար ոչ միայն ազգային արժանապատվության վայր է, այլ հերոսական ժողովրդի բնակավայր, որը մեզ վերադարձրեց հաղթանակի բերկրանքը՝ փայլուն, գեղեցիկ երկիր է ազնիվ մարդկանցով։  Այսօր հսկայական ենթակառուցվածքներ կան, որ վերականգնվել են՝ հյուրանոցներ հազարից ավելի տեղերով, և այդ գեղեցիկ աշխարհը մենք, չգիտես ինչու, չենք այցելում։ Չենք այցելում նաև Գյումրի, չենք այցելում նաև հեռավոր գյուղերը։ Չէ՞ որ նրանցից յուրաքանչյուն ունի իր դեմքը։ Եթե Իտալիա տեղափոխվենք, ապա իտալացին, որ հյուսիսում է ապրում, իր ամառը հաճույքով անցկացնում է հարավում։ Միլանի ժողովուրդը սիրում է Սիցիլիայում արձակուրդ անցկացնել։ Ամեն մի տեղից մյուսը տեղափոխվելիս հանդիպում ես իտալական, բայց առանձնահատուկ մշակույթի։ Նույնը Հայաստանն է, բավական է գնանք դեպի հյուսիս, դեպի Սևան, կհանդիպենք մի մշակույթի, որը կոչվում է Գավառ, որը ոչ միայն Գավառի տեղական մշակույթն է, այլ նաև մեր պատմական մշակույթն ու լեզուն Բայազետի և Իգդիրի շրջանի։ Բավական է գնաք դեպի Գյումրի, որը ոչ միայն Գյումրու և Ալեքսանդրապոլի մշակույթն է, այլ նաև պատմական Էրզրումից, Ղարսից մինչև Ախալքալաք և Ախալցխա, մեր Կարնո դաշտի մշակույթն է, լեզուն։ Չգիտեմ, Գյումրի քաղաքն ինձ համար շատ ավելի գեղեցիկ է, քան հին Թբիլիսին։

Արտագաղթը կանխարգելելու կամ ներգաղթն ավելացնելու, մարդկանց իրենց երկրին կապելու բազմաթիվ լուծումներ կան։ Դրանց մասին ես խոսեցի, այն նեգատիվ երևույթները, որոնք մենք պետք է հաղթահարենք՝ կոռուպցիայից մինչև անհանդուրժողականություն, սոցիալական արդարություն և այլն։ Բայց դա բավարար չի լինելու, կան դրական քայլեր, և այդ քայլերի մեծ մասը նույնիսկ մեծ ներդրում կամ պետական որոշում չի պահանջում։ Ինչու՞ չենք կարող մենք մեր հայրենասիրությունը կիրառել այսօր, ոչ թե միայն 2016 թ-ի ապրիլին, այլ մեր երեխաների հետ շաբաթ-կիրակի օրերը գնանք Գյումրի, այդ գեղեցիկ, փայլուն քաղաքը, կամ գնանք Վանաձոր և անցկացնենք Արցախում մեր ծննդյան օրը։

Եվ ոչ միայն մենք։ Մենք գնալով մեր հետ կտանենք մեր ազգակիցներին, սփյուռքահայերին։ Այսինքն՝ ներքին, ազգագրական, ազգային, ժողովրդական մեր արժեքների վրա հիմնված այս փոքրիկ տեղաշարժերը հսկայական ազդեցություն կարող են ունենալ։ Կարող եք ասել, որ այսօր սահմանամերձ գյուղում ճանապարհ չկա, նշան չկա, քիչ թվով մարդ կա։ Բայց բավական է, որ այդ գյուղը մարդիկ սկսեն այցելել, առաջին այցելուների համար դժվար կլինի, ճանապարհ էլ կսարքվի, փոքրիկ հյուրանոց էլ կլինի, և այդ գյուղը կսկսի կամաց-կամաց վերանորոգվել։ Սփյուռքի մեր հայրենակիցն ուրախությամբ ներդրում կանի փոքրիկ հյուրանոցի, փոքրիկ տնտեսության մեջ: Հետևաբար, մեր խնդիրները հաղթահարելու ճանապարհները ոչ միայն օրենքներն ու որոշումներն են, այլ նաև պարզ հայրենասիրական, մարդկային վերաբերմունքը։

Գյումրի քաղաքն ունի մեծ պոտենցիալ և սովորություններ։ Ես Գյումրիում էի վերջերս։ Հանդիպեցի մշակութային գործիչներին, շատ լավ դպրոց գնացի, հանդիպեցի համալսարանական ուսանողներին, բայց ամենաջերմ հանդիպումը Գյումրի քաղաքի վարպետների հետ էր, ուստաների հետ։ Քանի՞ քաղաք է մնացել աշխարհում, որ ունի նման ավանդույթ։ «Լոնդոնի սիթի»-ն ստեղծվել է ժամանակին որպես համքարությունների կենտրոն, այսինքն՝ արհեստավորների կենտրոն, իսկ այժմ դարձել է աշխարհի ամենահայտնի ֆինանսական կենտրոնը։ Վարպետների քաղաք է Գյումրին։ Վարպետների քաղաք է եղել նաև Երևանը։

Կրկին ազգային ժառանգության մասին․ 1960-70-ականներին, եթե հիշում եք, և ես շատ լավ եմ հիշում, երբ հայրս ձեռքս բռնած քայլում էր քաղաքում, հայրս ճարտարապետ էր, հանդիպում էր հայտնի ճարտարապետների՝ Ռաֆո Իսրայելյանին, Մարտիրոս Սարյանին ենք այցելեն բազմիցս։ Եվ բառ կար, որ ամենաբարձր շքանշանից բարձր է՝ «վարպետը»։ Երևանը վարպետների քաղաք էր՝ մշակութային վարպետների քաղաք։ Եվ մենք ազգ ենք, որ այդ վարպետների որակը կրում ենք մեր մեջ, և այդ վարպետների որակը մեծ ճանաչում ունի աշխարհում։ Աշխարհն այսօր գիտի և՛ Արամ Խաչատրյանին, և՛ Կոմիտասին, գիտի և՛ Արշիլ Գորկուն, և՛ Մարտիրոս Սարյանին, գիտի և՛ Վիլյամ Սարոյանին, և՛ Հրանտ Մաթևոսյանին։ Կարծում եմ, որ հաջորդ սերունդները այդ աշխատանքը բազմապատկելու են, որովհետև մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային մշակույթի ազգ։

Մի քանի կարևոր խնդիրների մասին։

Նախ և առաջ, կրկին խաչմերուկում ենք 21-րդ դարի մարտահրավերների, և 21-րդ դարը, բարեբախտաբար, փոփոխվում է: Այն չի լինելու բնական ռեսուրսների, պարզ բանկային կենտրոնացման, բանկային օլիգարխիայի դար և լինելու է նոր տեխնոլոգիաների, մտքի դար: Այդտեղ մեր հայ ժողովուրդն իր ընդունակություններով և ունակություններով ամենաբարձր մեծ հնարավորություններն ունի նորից հաղթող լինելու: Իհարկե, այս տրամաբանությունը մեզ տանում է հաջորդ խնդրին, որը կոչվում է կրթություն:

Ժամանակակից տեխնոլոգիաները չեն կարող ի հայտ գալ կամ ինքն իրեն ծնվել, եթե չունենք հստակ, կրթական բարձր որակի համակարգ: Իհարկե, ունենք այսօր Երևանում մի քանի փայլուն դպրոց, որոնք ես այցելել եմ: Դրանք և մեր հին դպրոցներն են, ասենք, ֆիզիկա-մաթեմատիկական դպրոցից սկսած մինչ «Քվանտ» վարժարան, մինչև նոր դպրոցները, որտեղ ազատ երեխաներ են կրթվում՝ օրիակ «Այբ»-ը: Ունենք «Թումո», որն իր կրկնօրինակը չունի աշխարհում:

Մենք՝ հայերս, այդ նոուհաուի հեղինակն ենք, որ կարող ենք արտահանել: Ես վստահ եմ՝ պետք է վերագնահատել և վերաստեղծել ողջ կրթական համակարգը՝ ուղղելու այն դեպի 21-րդ դար: Վստահ եմ, որ կարող ենք անել: Պետք է ունենանք նոր «թումոներ», բայց որ ամենակարևորն է, մենք պետք է հստակ մտածենք դպրոցական կրթության մասին՝ ոչ միայն Երևանում կամ Երևանի էլիտար դպրոցների մասին, այլ կրթական համակարգը պետք է լինի համընդհանուր, համատարած և այն իր մեջ պետք է ներառի նաև մեր Սփյուռքին:

Հանճարները չեն ծնվում մայրաքաղաքների լավ ընտանիքներում, հանճարները, տաղանդավոր մարդիկ ծնվում են ամենուր, և տաղանդավոր երեխաները ամենահաճախը ծնվում են հեռավոր գյուղերում: Մեծ բիզնեսմենները չեն ծնվում Նյու Յորքի կենտրոնում, այլ հեռավոր փոքրիկ քաղաքում: Մեծ արվեստագետները չեն ծնվում Բեռլինում. ոչ՛ Բախը, ո՛չ Բեթհովենը, ո՛չ Մոցարտը Բեռլինում չեն ծնվել, այլ  հեռավոր տեղում: Խորհրդային Միության տարիներին ունեինք փայլուն կրթական համակարգ: Իմ առաջարկությունն է՝ վերագնահատենք, նայենք մեր ողջ կրթական համակարգը՝ վերցնելով այն լավագույնը, որ մենք ունեինք խորհրդային տարիներին, այն լավագույնը, որ սովորել ենք այս տարիների ընթացքում և ստեղծենք նորը, հայկականը, 21-րդ դարինը:

Ներդրումների մասին որոշ մտքեր: Այո՛, ես երկար տարիների փորձ ունեմ մեծ ընկերությունների հետ աշխատելու, միջազգային ինստիտուտների, բազմաթիվ բարեկամներ ունեմ, դա բնական է և ճիշտ է: Բազմաթիվ բարեկամներն, իհարկե, եթե ես դիմեմ, կօգնեն իմ ծրագրերին՝ բարեգործական, կրթական, բայց երբ որ հարցը գալու է ներդրմանը, ապա ներդրման համար անհրաժեշտ պայմաններ պետք է լինեն: Որևէ մեկը չի ներդնի միայն նրա համար, որ քո բարեկամն է, և այդ պայմանները հստակ են, որոնց մասին խոսեցինք՝ կոռուպցիայի վերացումից մինչև մշակութային արդարություն, որովհետև Հայաստանը տարբերվում է շատ ուրիշ երկրներից:

Միջազգային մեծ ընկերությունները կարող են ներդրումներ անել և անում են, ենթադրենք, ես չեմ ուզում վարկաբեկել կամ սխալ արտահայտվել, մի շարք երկրներում՝ Աֆրիկայում կամ ուրիշ տեղերում, և ներդրման իմաստը բնական ռեսուրսն է, այսինքն՝ ներդրողի համար ինչն է կարևոր՝ բնական ռեսուրսը լինի, պայմանները լինեն, և այդ երկիրը լինի կայուն, թե ինչպիսին է այդ երկիրը՝ ժողովրդավար է, թե՞ ոչ, բոլորովին էական չէ: Կարևոր է ռեսուրսը: Հայաստանում ներդրումը չի լինելու ռեսուրսային, ինչքան էլ մենք մտածենք մեր ռեսուրսային բազայի մասին: Մեզ պետք է կառուցել ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական երկիր: 

Ցանկացած օրենք, որ ընդունվելու է այս Ազգային ժողովում պետք է անցնի և՛ կոռուպցիոն թեստ և պետք է անցնի բնապահպանական, ամենակարևորը, իրական կյանքի թեստ՝ ուղղված դեպի ապագան, այսինքն՝ չընդունեք օրենքներ, որոնք վաղը պարզվի, որ ժամանակավրեպ են, մնացել են 20-րդ դարում, բայց մենք պետք է լինենք 21-ում: Հետևաբար, երբ խոսում ենք հայաստանյան ներդրումների մասին, ապա հայաստանյան ներդրումները տարբեր են լինելու: Մենք մտածում էինք, որ ջուր կարող է արտահանենք, ջուր արտահանում ենք և որքան շատ, այնքան լավ, ջուրը մեր ամենամեծ բնական ռեսուրսն է, առանց ջրի չենք կարող ապրել, և ամենամեծ ուշադրությունը պետք է լինի ջրի վրա, որովհետև ցանկացած վտանգ բնապահպանական, առաջին խնդիրը մեզ համար լինելու է ջուրը: Ջուրը կենսական է մեր ողջ փոքր հանրապետության համար: Բայց, մյուս կողմից, դարձել ենք երկիր, որը ոչ միայն ջուր է արտահանում, այլ արտահանում է նոր տեխնոլոգիաներ:

Հայաստանի Հանրապետությունը նախկին խորհրդային համակարգի ամենաառաջադեմ IT տեխնոլոգիաներն ունի, սա գաղտնիք չէ: Սա բավարար չէ, սա պետք է շատ մեծանա, բայց դա է ճանապարհը, և եթե մեր ներդրողները լինելու են մեծ ընկերություններ, անհատներ, որոնք հետաքրքրված են Հայաստան գալով, պետք է տեսնեն, որ Հայաստանում օրենքներն աշխատում են, դատարանը իրավական է, որ իրենց իրավունքները պաշտպանված են լինելու, և միաժամանակ, ներդրողը պետք է գա մի միջավայր, որտեղ ինքը նաև մշակութային բավարարվածություն կստանա: Նկատի ունեմ ոչ միայն մեր պատմական հուշարձանները, մեր անցյալը, այլ այսօրն ու ներկա, երբ մարդը կարողանում է գնալ մշակութային կենտրոններ, ցուցահանդես, համերգ, օպերա, այսինքն՝ երկիր, որտեղ դու քեզ տանն ես զգում, որովհետև հսկայական մշակույթ կա: Այդ պայմանների ներկայության դեպքում այն ներդրողը, ով գալու է նոր տեխնոլոգիայով, նոր ժամանակակից մտքերով՝ սկսած բիոտեխնոլոգիայից մինչև ռոբոտաշինություն, այդ ներդրողների համար այդպիսի միջավայր է պետք, որովհետև նրանք չեն ներդնելու բնական ռեսուրսի մեջ, դնելու են մարդկային ռեսուրսի մեջ, մարդկանց մեջ:

Ասելիք շատ կա: Ուզում եմ  վստահեցնել, որ եթե ընտրվեմ, իմ ողջ եռանդը, երկար տարիների փորձը, նվիրվածությունը ի սպաս եմ դնելու մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և մեր Սփյուռքի ազգային խնդիրների լուծմանը: Աշխատելու եմ և փորձելու եմ ամեն ինչ անել, որպեսզի իմ գործունեությունը լինի Սահմանադրության սահմաններում, սակայն աշխատելու եմ իմ էության ողջ անկեղծությամբ և ազնվությամբ, լինելու եմ մեկը, որ ոչ միայն Հանրապետության նախագահի պարտականություններն է կատարելու, այլ նաև կատարելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացու բարձրագույն պարտականությունը՝ լինելու նախ և առաջ քաղաքացի այս երկրի համար:

Շնորհակալությունս կրկին հայտնելով Հանրապետական կուսակցությանը և Հանրապետության նախագահին, «Դաշնակցությանը», «Ծառուկյան» դաշինքին և «Ելքին», փորձելու եմ լինել ոչ միայն այս խորհրդարանի, այլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նախագահը: Փորձելու եմ նաև ինչ-որ իմաստով լինել և ներկայացնել մեր արցախահայության շահերը՝ ինչ-որ իմաստով իրենց բարոյական աջակցություն ցուցաբերող նախագահ: Եվ փորձելու եմ ամեն ինչ անել՝ նաև դառնալու մեր հսկա սփյուռքահայության նախագահը՝ նպատակ ունենալով ամրացնել ազգային միասնությունը և կրկին անգամ դարձնել մեր երկիրը «մեկ ազգ-մեկ ժողովուրդ», մեկ ապագա ունեցող ազգ՝ «փոքր պետություն, համաշխարհային ազգ»:

Ես վստահ եմ, որ եթե մենք մեր քայլերը ճիշտ կատարենք, ապա 21-րդ դարը մերն է լինելու, և հաջորդ 26 տարիները, որոնք հիմնված են այս 26 տարիների վրա, (26 տարիները երիտասարդության տարիներ են, մենք երիտասարդ հանրապետություն ենք), և ես կերազեմ, որ հաջորդ 26 տարիները լինեն երիտասարդ Հայաստանի տարիներ, այսինքն՝ Հայաստանի, որը երիտասարդ է, տեսնում է բազմաթիվ հնարավորություններ, ունի հսկայական եռանդ և իր ապագան կերտելու պատրաստակամություն»:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

21:20
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ասկար Ակաևին
Այսօր ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ղրղզստանի Հանրապետության նախկին նախագահ Ասկար Ակաևին, որը Հայաստան է...
Աղբյուր` Panorama.am
20:37
Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբին ներկայացվել են ՀՀ սահմանային բնակչության իրավունքների խախտումների փաստեր
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Սեդրակյանը սեպտեմբերի 17-ին  ընդունել է Ֆրանսիայի ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
20:30
Նիգերիայի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ...
Աղբյուր` Panorama.am
20:23
Հայտարարություն-հերքում․ «Վիվա-ՄՏՍ-ը խստորեն հետևում է Սպառողների իրավունքների պաշտպանության մասին ՀՀ օրենքի պահանջներին»
Վիվա-ՄՏՍ-ը տարածել է հայտարարություն-հերքում՝ mamul.am կայքում սեպտեմբերի 22-ի հրապարակման առնչությամբ: Ըստ հայտարարության....
Աղբյուր` Panorama.am
20:15
Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիի դեմ դատական հայց է ներկայացրել
Դերասան Բրեդ Փիթը նախկին կնոջը՝ դերասանուհի Անջելինա Ջոլիին, մեղադրել է դավադրության մեջ՝ Ֆրանսիայում խաղողի այգու իրենց ընդհանուր ունեցվածքի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Հանրային լսումներ՝ Գլաձոր համայնքում հանքավայրի արդյունահանման նախագծի վերաբերյալ
Այս պահին Գլաձոր խոշորացված համայնքում հանրային լսումներ են տեղի ունենում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Գլաձորի բազմամետաղային հանքավայրի օգտակար...
Աղբյուր` Panorama.am
19:41
Հայաստանը հերթական անգամ նվաճեց մեզ իր ինքնատիպությամբ. ռուս դերասան Եվգենի Պրոնին
Թատրոնի և կինոյի ռուս դերասան Եվգենի Պրոնինը, որը հանդիսատեսի կողմից սիրված է մի շարք հեռուստանովեներում գլխավոր հերոսներին մարմնավորելու համար,...
Աղբյուր` Panorama.am
19:25
Ինչպես բազում՝ շատ ավելի կարևոր հարցերում, ընտրվել է ամենավատ տարբերակը. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՀՀ քրեական օրենսգրքի 137․1 հոդվածը սկսեց «աշխատել», և ինչպես և կանխատեսվում էր՝...
Աղբյուր` Panorama.am
19:18
Օտարերկրացիները սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան բուժման համար
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետի տեղակալ Կիրիլ Ադզինովը հայտնել է, որ բուժման նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:12
Թուրքիան պարզաբանում է գտել Ղրիմի վերաբերյալ Էրդողանի խոսքերի մասով
 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի միացումը Ռուսաստանին ճանաչելու դժկամությունը կապված է ԱՄՆ-ին հաճոյանալու ցանկության հետ,...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ռադան Էրդողանին մեղադրել է Ուկրաինայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Օլեգ Վոլոշինը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անհարգալից վերաբերմունք է...
Աղբյուր` Panorama.am
19:04
Պեկինի օլիմպիական խաղերի կարգախոսը՝ «Միասին հանուն ընդհանուր ապագայի»
Պեկինում 2022թ. կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է մրցումների կարգախոսը. «Միասին հանուն ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
18:57
Էրդողանը նման հայտարարություններով փորձում է սիրաշահել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին․ Նոտիս Մարիաս
Եվրախորհրդարանի նախկին հույն պատգամավոր Նոտիս Մարիասը, ոն  այժմ ղեկավարում է «Հունաստան. այլ ճանապարհ» կուսակցությունը, հայտնել...
Աղբյուր` Panorama.am
18:51
ՌԴ ՊՆ-ն հերքում է օդային սահմանը խախտելու մասին Էստոնիայի հայտարարությունը
Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը հերքել է Էստոնիայի՝ ռուսական A-50 ինքնաթիռի երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պատրաստվում են այցելել թագավորական ընտանիքին
Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, դիտարկում են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի շրջանակում Սուրբ Ծնունդը նշելու տարբերակը, հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
18:35
Գնացքը վաղը կգա ԱԺ. Գնել Սանոսյանը՝ համայնքների խոշորացման նախագծի վերաբերյալ
«Այս տարիների փորձը ցույց է տվել, որ եթե համայնքի բնակչությունը 3 հազարից քիչ է՝ այդ համայնքում մի շարք խնիրներ են առաջանում օրենքով...
Աղբյուր` Panorama.am
18:29
Թուրքիայի նահանգում առգրավվել է 566 կգ հերոին
Հատուկ գործողության ընթացքում Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի ոստիկանությունը ռեկորդային քանակությամբ հերոին Է առգրավել։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:21
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազները հանդիպել են
Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նիստի շրջանակներում կայացել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:15
ԱԱԾ պահեստազորի սպան` Գյումրիի քաղաքապետի թեկնածու
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Զարթոնք» կուսակցության հետ դաշինքով մասնակցելու հայտ է ներկայացրել ԱԱԾ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Էստոնիայում Ռուսաստանի դեսպանին բողոքի նոտա են հանձնել երկրի օդային տարածքը խախտելու համար
Ռուսաստանի դեսպանին կանչել են Էստոնիայի ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է բողոքի նոտա՝ ռուսական A-50 ինքնաթիռի կողմից իր երկրի օդային տարածքի խախտման...
Աղբյուր` Panorama.am
18:02
Կոչուբաև. Տարօրինակ է քաղաքացուց պահանջել կատարել մի գործողություն, որը չունի երաշխավորված արդյունք
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, անդրադառնալով Անահիտ Ավանեսյանի այն հայտարարությանը, թե պատվաստումը չի բացառում կորոնավիրուսով վարակումը, գրել է....
Աղբյուր` Panorama.am
17:55
23․09․2021․ Վարանդայում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1669 աճյուն։
Աղբյուր` Panorama.am
17:49
Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել. Պաշտպան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել 2021 թ. սեպտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:43
Չեմ հասկանում՝ ինչու է ՀՀ իշխանությունը շարունակում սպասարկել ադրբեջանական շահը. Թագուհի Թովմասյան
«ՀՀ սահմանամերձ բնակավայրերում շարունակվում է կյանքը լինել ոչ անվտանգ, ինչքան էլ փորձում ենք աչք փակել կամ այդ երևույթը դարձնել սովորական,...
Աղբյուր` Panorama.am
17:37
Զարուհի Փոստանջյան. Պահանջում եմ օր ու գիշեր հայհոյանք տարածող Նիկոլ Փաշինյանին կանչել պատասխանատվության
«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը  ոստիկանապետին ներկայացրել է հաղորդում հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
17:31
Արցախի ԱԺ խմբակցություններ. Հայաստանի գործող իշխանությունները կասկածի տակ են դնում Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է. «Անցյալ տարվա ավերիչ...
Աղբյուր` Panorama.am
17:25
Վիվա-ՄՏՍ. Ընթացիկ տարում Գողթանիկ գյուղն ամբողջությամբ կլուսավորվի
Գողթանիկում, երեկոյան ժամերին մթության մեջ խարխափելու՝ երբեմնի իրականությունը մասամբ փոխվել է: Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային...
Աղբյուր` Panorama.am
17:19
Արցախից տեղահանվածներ. Պատերազմից մեկ տարի անց ոչ մի հուսադրող քայլ չենք տեսնում
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության դիմաց այս պահին հավաքվել են պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո...
Աղբյուր` Panorama.am
17:13
Թալիբները համաձայն չեն այն պայմանների հետ, որոնց կատարման դեպքում աշխարհը կճանաչի իրենց կառավարությունը
Պայմանները, որոնցով միջազգային հանրությունը պատրաստ է ճանաչել Աֆղանստանի նոր կառավարությունը, հարմար չեն այն ձևավորած «Թալիբան»...
Աղբյուր` Panorama.am
17:06
«Կազմակերպչական թերությունների պատճառով ունենում ենք մահեր և փորձ է արվում դրանք բարդել քաղաքացիների վրա»
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}