Աշխատավարձի «եռանիշ» աճ՝ գնողունակության «անկարողության» ֆոնին
Տնտեսությունը տարեցտարի աճ է գրանցում, աշխատավարձերը բարձրանում են, սակայն շարքայիններս կյանքի որակի բարձրացում, ի հակադրություն պաշտոնյաների պնդումների, թե «ժողովուրդ ջան, արդեն լավ եք ապրում»՝ գրեթե չենք նկատում: Պատճառն օբյեկտիվ է. թղթաբանությունն ավելանում է, մինչդեռ բովանդակությունը մնում է նույնը:
Վերջին տասնամյակում Հայաստանում գնաճով ճշգրտված աշխատավարձն աճել է ընդամենը 17%-ով, մինչդեռ «կեղտոտ» աշխատավարձը 10 տարվա ընթացքում բարձրացել է 122%-ով կամ՝ 2.2 անգամ: Երբ օրերս նախագահ Սերժ Սարգսյանը մատնանշում էր «հասարակության լայն շրջանակների վրա տնտեսական աճի ազդեցության» բացակայությունը, այդ պնդման պատճառը հենց աշխատավարձի իրական աճի չնչին մակարդակն է: Իսկ Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում իրական աճի չնչին մակարդակ ունեցել է ոչ միայն աշխատավարձը, այլ՝ տնտեսությունն ամբողջությամբ:
2008թ-ին Հայաստանում միջին անվանական աշխատավարձը եղել է 87.4 հազար դրամ, իսկ արդեն 2017թ-ին այն հասել է 194.2 հազար դրամի՝ աճելով 122%-ով: Այդ նույն 10 տարիների ընթացքում գնաճով ճշգրտված միջին աշխատավարձը 63.5 հազար դրամից աճել է մինչև 74.8 հազար դրամ՝ բարձրանալով ընդամենը 17%-ով: Դա նշանակում է, որ այս տարիներին թեկուզև վարձու աշխատողի դրամապանակը զգալիորեն հաստացել է, սակայն այդ դրամապանակի գնողունակությունը մնացել է գրեթե նույնը, ինչ 2008թ-ին էր:
Գնաճով ճշգրտված աշխատավարձի և անվանական աշխատավարձի միջև նման մեծ «ճեղքվածքի» ի հայտ գալը պայմանավորված է որոշ օրենսդարական փոփոխություններով, կառավարության նորամուծություններով, ինչպես նաև՝ ինֆլյացիայով: Նախ «Եկամտային հարկի մասին» օրենքի նոր կարգավորումներով 2013թ. հունվարի 1-ից աշխատավարձի մեջ ներառվեցին նաև գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարները, ինչի շնորհիվ անվանական աշխատավարձի չափը «երկնիշ աճ» գրանցեց: Դրանից հետո 2014թ-ից ներդրվեց կուտակային կենսաթոշակային համակարգը, և որպեսզի այդ համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումից պետական աշխատողների աշխատավարձերը 5%-ով չկրճատվեն, կառավարությունը որոշում կայացրեց նույն թվականի հունվարից աշխատավարձերը բարձրացնել այնքան, որ 5% պահումից հետո «մաքուր» աշխատավարձի մակարդակը պահպանվի: Նույն քայլին դիմեցին նաև մի շարք խոշոր կորպորացիաներ ու առանձին կազմակերպություններ: Արդեն 2017թ-ից իրական աշխատավարձի վրա ծանրացավ նաև զինծառայողների կյանքի և առողջության ապահովագրությանն ուղղվող 1000 դրամների պահումը:
Եվ այս գործոնների հետ համատեղ վերջին 10 տարիների ընթացքում աշխատավարձերին վճռական հարված հասցրեց ինֆլյացիան, որն այդ ամբողջ ժամանակահատվածում կազմել է շուրջ 40%: Այդպիսով նախորդ տասնամյակում աշխատավարձերի «եռանիշ» աճն ամենևին շոշափելի ազդեցություն չունեցավ աշխատավարձով ապրող քաղաքացիների բարեկեցության բարձրացման վրա. թվերն ու թղթաբանությունն ավելացան, իսկ բարեկեցությունը մնաց նույնը:
Պատկերն ավելի խոսուն և միևնույն ժամանկ հայաստանցիներիս համար ավելի ցավոտ է դառնում, եթե համեմատություն ենք անցկացնում Հայաստանի հարևան և մեզ հետ քիչ թե շատ համադրելի երկրներում նույն ժամանակահատվածում իրական աշխատավարձի աճի մակարդակները:
2008-2016թթ-ին Հայաստանում իրական աշխատավարձի աճը կազմել է գրեթե 17%: Նույն ժամանակահատվածում հարևան Ադրբեջանում իրական աշխատավարձն աճել է 39%-ով, իսկ Վրաստանում՝ 76%-ով: Մերձբալթյան երկրներում՝ Լատվիայում նույն ցուցանիշն աճել է 62%-ով, Լիտվայում՝ 66%-ով, իսկ էստոնիայում՝ 61%-ով: Փաստացի՝ իրական աշխատավարձի աճի տեմպերով Հայաստանը, կարծես, «համակցված» լինի Ռուսաստանին, որտեղ իրական աշխատավարձի աճը կազմել է ընդամենը 14%:
Այս համատեքստում հանուն արդարության պետք է նկատել, որ միայն 2017թ-ին է հաջողվել Հայաստանում ապահովել իրական աշխատավարձի փոքր-ինչ շոշափելի աճ՝ շուրջ 8%, որը 2008թ-ից այս կողմ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Դժվար է միանշանակ պնդել, թե այդ տեմպը կհաջողվի պահպանել նաև ընթացիկ և առաջիկա տարիներին, սակայն խիստ կարևոր է կառավարության այն գիտակցությունը, որ սոցիալական լարվածության մեղմացման ամենաառանցքային գործիքը հենց իրական աշխատավարձի կայուն բարձրացումն է, և ոչ թե «կեղտոտ» աշխատավարձի շարունակական ուռճացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան