Անձամբ ես ԱՎԾ-ի ներկայացրած տվյալներին չեմ կասկածում. Վաչե Գաբրիելյան
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն անձամբ չի կասկածում Ազգային վիճակագրական ծառայության՝ ՀՆԱ-ի 7.5 տոկոս աճի վերաբերյալ ներկայացրած թվերին: Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Մենք ունենք աճ՝ համապատասխան ճյուղերում: Կա տնտեսական ակտիվության ցուցանիշ և կա գնահատական 7.5 տոկոսի, որն ըստ էության արտացոլում է տնտեսական ակտիվության ցուցանիշները: Արդյունաբերության ոլորտում ունե՞նք աճ. ես տեսնում եմ այդ աճը, առևտրում ունե՞նք, աճ. ես տեսնում եմ այդ աճը: Այլ խնդիր է՝ լավն է աճը, վատն է աճը, որակական կառուցվածքը մեր դուրը գալիս է, չի գալիս: Դրանք տնտեսության զարգացումների վերաբերյալ դատողություններ են, բայց թվի վերաբերյալ, ԱՎԾ-ի գնահատականի հետ կապված խնդիրներ չեմ տեսնում»,- ասաց Վաչե Գաբրիելյանը:
Հարցին՝ արդյոք կապ կամ միտում չի՞ տեսնում ՀՆԱ-ի նման բարձ աճի և մոտեցող ընտրությունների միջև, ՀՀ փոխվարչապետը բացասական պատասխան հնչեցրեց:
«Բոլոր ընտրությունները տեղի են ունենում Ազգային ժողովում, և ես չեմ կարծում, որ այդ ցուցանիշներն ազդելու են ԱԺ-ում արդեն իսկ ընտրված մարդկանց կողմից նոր ընտրություն կատարելու վրա: Այսպիսով, ձեր մտավախությունը ես համարում եմ անհիմն»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ ՀՆԱ-ի բարձ ցուցանիշը կարող է ներկայացվել որպես Սերժ Սարգսյանի՝ հետագա պաշտոնավարման դրական ֆոն, գործադիրի ներկայացուցիչը նկատեց, որ դրանք ընդամենը ենթադրություններ են:
«Սերժ Սարգսյանը միշտ է ակտիվորեն խոսել ցուցանիշների մասին»,- ասաց Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշը՝ 7.5 տոկոս: Համաձայն ԱՎԾ տվյալների` 2017 թվականին համախառն ներքին արդյունքը բացարձակ արժեքով կազﬔլ է 5 տրիլիոն 580 միլիարդ 116.9 միլիոն դրամ: