ՀԱԲԼԾԿ. Հավատարմագրումից զրկվելու լուրերը չեն համապատասխանում իրականությանը
ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի հավատարմագրումից զրկելու մասին լուրերը մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը: Նման պարզաբանում է տարածել ՀԱԲԼԾԿ-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության փորձարկման լաբորատորիան, լինելով հավատարմագրված 2015թ. մայիսի 14-ից, ընդգրկված է ՀՀ ազգային և Եվրասիական տնտեսական միության փորձարկման լաբորատորիաների ռեեստրներում:
Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«2017թ. փետրվարի 27-ին լաբորատորիան ընդլայնել է իր հավատարմագրման ոլորտը՝ ներառելով նաև արագ (էքսպրես) մանրէաբանական հետազոտություններով ախտածին և ոչ ախտածին միկրոօրգանիզմների հայտնաբերման և որոշման մեթոդները: Վերջիններս զետեղված են ինչպես Եվրասիական տնտեսական միության «Սննդամթերքի անվտանգության մասին» հորիզոնական տեխնիկական կանոնակարգում՝ ՄՄ ՏԿ 021/2011, այնպես էլ սննդամթերքի առանձին տեսակներին վերաբերող մյուս տեխնիկական կանոնակարգերում: Վկայակոչված ՄՈւԿ 4.2.2578-10-ը հանդիսանում է ՄՈւԿ 4.2.590-96-ի փոխարեն ընդունված ստանդարտ մեթոդ, իսկ վերջինս ընդգրկված է ՄՄ ՏԿ 021/2011 –ի պարտադիր ստանդարտների ցանկում:
Հարկ է նշել, որ այս կամ այն տեսակի սննդամթերքի փորձարկման և համապատասխանության գնահատման դեպքում, իհարկե, գերակա է տվյալ սննդամթերքի համար սահմանված տեխնիկական կանոնակարգը (կաթի և կաթնամթերքի դեպքում՝ ՄՄ ՏԿ 033/2013, մսի և մսամթերքի դեպքում՝ ՄՄ ՏԿ 034/2013 և այլն): Սակայն փորձարկման մեթոդը կամ ստանդարտը ընտրվում է ինչպես տվյալ արտադրատեսակի համար սահմանված տեխնիկական կանոնակարգի, այնպես էլ ՄՄ ՏԿ 021/2011-ի ստանդարտների ցանկից: Տվյալ դեպքում պարտադիր պահանջ է հանդիսանում միայն այն, որ տվյալ ստանդարտը նախատեսված լինի նաև տվյալ սննդամթերքի՝ օրինակ, կաթի փորձարկման համար: Այս հարցն իրենից ներկայացնում է ցանկացած փորձարկման լաբորատորիայի կամ համապատասխանության գնահատման մարմնի պրոֆեսիոնալ աշխատելաաոճի մի մասը: Ցավով պետք է նշել, սակայն, որ ոչ բոլոր լաբորատոր կառույցներն են այսօր ՀՀ-ում գործում օրենքի և ստանդարտի կետին համահունչ:
ՄՈւԿ 4.2.2578-10-ը, բնականաբար, ընդգրկված է ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության փորձարկման լաբորատորիայի հավատարմագրման ոլորտում, ինչը հարցման հիման վրա կարելի է պարզել նաև ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ից»: