Նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել. Կարեն Կարապետյան
Գործադիրի այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ կենսաթոշակի և պետական նպաստների արգելադրման ընթացակարգերի խախտումներին:
Նրա խոսքով՝ գործող օրենսդրական կարգավորումները սահմանում են առանձնահատկություններ՝ պետական կենսաթոշակի, նպաստների արգելանքի բռնագանձման կիրառման դեպքերում: Մասնավորապես, կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել գումարի միայն 30 տոկոսի չափով, իսկ պետական նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել:
«Գործնականում արձանագրվել են նշված օրենսդրական պահանջների խախտման մի շարք դեպքեր, ինչը պայմանավորված է նաև տեխնիկական դժվարություններով, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի տվյալների, էլեկտրոնային շտեմարանի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության հասանելիության բացակայությամբ»,- նշեց Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով վերանշյալը՝ վարչապետը Աշխատանքի և սոցիալական հարցերի, Արդարադատության նախարարներին, «Թվային Հայաստան» հիմնադրամի տնօրենին հանձնարարեց, իսկ Կենտրոնական բանկի նախագահին առաջարկեց երկամսյա ժամկետում համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ գործնականում պետական կենսաթոշակի, նպաստների, ինչպես նաև՝ օրենքով սահմանված այլ վճարների, արգելադրման, բռնագանձման սահմանափակումների և ընթացակարգերի լիարժեք պահպանելու վերաբերյալ, այդ թվում՝ քննարկելով թվային գործիքների ներդրման և լուծումների նախատեսման հարցերը: