Դատարանի նկատմամբ վստահության վերականգնումը երբեք խոսքով չի լինելու. Գագիկ Հարությունյան
«Չեմ ցանկանա, մանավանդ այսօրվա պաշտոնի բերումով որևէ քննության ընթացքում եղած գործի վերաբերյալ կարծիք հայտնել, քանի որ ԲԴԽ անդամներին, առավել ևս նախագահին չի թույլատրվում արդարադատական պրոցեսի վերաբերյալ կարծիք արտահայտել»,- այսօր ԳԱԱ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի գործին։
Նրա խոսքով՝ ընդհանուր կարծիքն այն է, որ ցանկացած գործ, որն իրավական գործընթացում է, պետք է լինի թափանցիկ, պետք է լիարժեք քննության առարկա դառնա։
«Այսօր դատարանի նկատմամբ վստահության վերականգնումը երբեք խոսքով չի լինելու։ Դա սկսվում է մարդու նկատմամբ վերաբերմունքից, դատարանում դատավարական պրոցեսից, ավարտվում է որոշումով և դրա կատարումով»,- ասաց ՍԴ նախագահը։
Լրագրողների հարցին, թե Մարտի 1-ի քննությունը թափանցիկ չի՞ արվել, նա պատասխանեց. «Հարցը միքիչ կոռեկտ չեմ համարի, քանի որ ես անձամբ գործի նյութերին ծանոթ չեմ։ Մարտի 1-ը մեր երկրի համար եղավ ամոթալի էջերից մեկը, դա ողբերգություն էր, բայց մենք շատ ավելի մեծ ողբերջությունների առջև կանգնած կլինեինք, եթե համարեք միջամտություններ չլինեին։ Ես ծառայել եմ իմ ժողովրդին ու իմ պետությանը և խիղճս մաքուր ու հանգիստ է դրա համար։ Ես ինչ-որ տեղ համարում եմ նաև, որ դա մեր բոլորի մեղքն էր, որ հասավ այդպիսի հանգուցալուծման, որը չպետք է լիներ»։
Լրագրողները Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեցին՝ կա՞ որևէ վճիռ, որի համար ափսոսում է կամ խիղճը տանջում է։
«Եղել են որոշումներ, որոնք պատշաճ ձևով չեն ընկալվել, բայց համոզված եմ եղել, որ իրականում այլ բան, այլ որոշում կայացնել հնարավոր չէ։ Հաճախ եմ լսել, որ ասում են բարդ է սահմանադրական ոլորտը, բայց գտնում եմ՝ ինչպես ցանկացած գիտություն, սա ևս ունի իր բարդություններն ու կանոները։ Ինձ համար եղել են որոշումներ, որոնք շատ մեծ տանջանքով են ընդունվել»,- պատասխանեց ՍԴ նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին