Վենեսուելական քաղաքը սեփական տարադրամն է ստեղծել
Վենեսուելայում առձեռն դրամական միջոցների դեֆիցիտի պատճառով վենեսուելական Էլորսա քաղաքը սեփական տարադրամն է ստեղծել, որը կոչվել է հենց քաղաքի անունով՝ «էլորսա»: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տեղական իշխանությունները բացատրում են, որ «էլորսա»-ն կօգնի տեղի բնակիչներին և քաղաքի հյուրերին՝ վճարումներ անել երկուշաբթի օրերին բացվող տոնավաճառներում՝ քաղաքային շուկաներում առևտրի ժամանակ:
Էլորսայի իշխանություններին անհանգստացրել է այն, որ հիպերարժեզրկումն ու առձեռն գումարների պակասուրդը քաղաքային առևտրի վրա բացասական ազդեցություն են թողնում՝ մարդիկ գումար չունեն, որ վճարեն իրենց գնումների համար: Այդ պատճառող թողարկվել են թղթադրամներ՝ երկու անվանական արժեքով՝ 50 հազար և 100 հազար:
Նոր քաղաքային տարադրամը կարելի է ձեռք բերել քաղաքի ադմինիաստրացիայում բանկային փոխանցման միջոցով: Չծախսված գումարները կարելի է վերադարձնել քաղաքային ադմինիստրացիա, և տեղական տարադրամ ձեռք բերելու վրա ծախսված գումարները կվերադարձվեն: Թղթադրամների վրա պատկերված է Խոսե Անդրես Էլորսան՝ Իսպանիայից անկախանալու համար մղված պատերազմի տեղացի հերոսը, ում պատվին էլ անվանակոչված է նաև քաղաքը: