Մեր արդարադատությունը խորը ճգնաժամի մեջ է. Արայիկ Պապիկյան
Փաստաբան Արայիկ Պապիկյանի գնահատմամբ՝ Հայաստանում արդարադատությունը խորը ճգնաժամ է ապրում: Նման տեսակետ նա հայտնեց մարտի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը: Պապիկյանի խոսքով՝ պետք է ընդվզել՝ հանուն մեր երկրում արդարադատության հաստատման: Նա անդրադարձավ իր պաշտպանյալի՝ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռին:
«Դատական այդ ակտը մի կողմից ուղղված էր Ժիրայր Սեֆիլյանի դեմ, մյուս կողմից ցույց տվեց, որ մեր արդարադատությունը խորը ճգնաժամի մեջ է: Մարտի 20-ը՝ այդ դատական ակտով, մեր արդարադատության համար սև օր պետք է հիշվի: Հենց դատական վճիռը որևէ գնահատականի արժանի չէ, քանի որ այն չի բխում իրավունքից և արդարադատությունից»,- ասաց նա:
Պապիկյանն ընդգծեց՝ պետք չէ հուսախաբ լինել, հակառակը՝ ավելի հետևողական ու պահանջատեր պետք է լինել: Նա նշեց, որ չի կարծում, թե նման դատավճիռներ հետագայում հաճախակի կլինեն, բայց կարծում է՝ ցանկացած անարդարացի երևույթի մասին անհապաղ պետք է բարձրաձայնել՝ և ներքին կյանքում՝ փոփոխության հասնելու համար, և արտաքին՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններում:
Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց. «Ինձ թվում է՝ եթե այդքան չապացուցեինք, որ ակնհայտ անհեթեթ է մեղադրանքը, գուցե այսքան խիստ չլիներ պատիժը: Սա, առաջին հերթին, խայտառակություն է, երկրորդ՝ մենք հասկացանք, որ փաստորեն արդարադատության իրականացումը Հայաստանում խորը անդունդի մեջ փակվեց»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը նշեց՝ տեղյակ լինելով, որ դատախազն իբրև պատիժ 11 տարի է պահանջել, միշտ մտածում էր՝ ինչ-որ հրաշք պիտի լինի: «Մի տեսակ լուրջ չէի վերաբերվում: Ես այդպիսի վատ զգացողություն չեմ ունեցել, ինչպես երեկ, երբ իմացա վճիռը»,- ասաց նա: Իշխանյանի խոսքով՝ փակ շրջան է ստեղծված, և հասարակությունը չի կարողանում անցյալին ճիշտ գնահատական տալ, որպեսզի առաջ անցնի:
Մարտի 20-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակեց ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի, Ներսես Պողոսյանի դատավճիռները:
Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 5 ամիս ազատազրկման, Գևորգ Սաֆարյանը՝ 4, միասնական պատիժը՝ 5,5 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 4,6 տարի, Ներսես Պողոսյանը՝ 3,6 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3, Գալուստ Գրիգորյանը՝ 3.5 տարի, Հովհաննես Պետրոսյանը 2 տարի ժամկետով:
Հարակից հրապարակումներ`
- «Ժառանգություն»-ը Սեֆիլյանի նկատմամբ դատավճիռը համարում է քաղաքական հաշվեհարդար
- Սեֆիլյանը դատապարտվեց 10.5 տարվա ազատազրկման
- Քրեական իրավունքը վաղուց նեղացել, գնացել է Սեֆիլյանի ու մյուսների գործից. Արայիկ Պապիկյան
- Դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում