Եթե այս տեմպերով շարունակվի, կունենանք ծիրանի աննախադեպ բերք. Աշոտ Հարությունյան
Արմավիրի մարզի Արգինա գյուղում մարտի 30-ին տեղի ունեցած կարկուտի հետևանքով լուրջ վնասներ չեն եղել։ Ապրիլի 4-ին լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը նշեց, որ այցելել են այն այգետարածքները, որտեղ կարկուտն ամենամեծ վնասն է հասցրել, ուսումնասիրություններ են արել, զրուցել այգետերերի հետ։
Վերջիններս հաստատել են, որ կարկուտը գրեթե վնաս չի պատճառել, որովհետև ծաղկումը հիմնականում ավարտված է, արդեն սաղմը գոյացել է, ընդամենը քամուց պետք է ծաղկաթերթերը թափվեին, և կարկուտը հիմնականում թափել է պսակաթերթերը, իսկ ճյուղերին ոչ մի վնաս չի հասցրել։
«Վնասի հետքեր չտեսան այգետերերը։ Մենք հաշվարկներ արեցինք, տեսանք՝ ինչ ինտենսիվությամբ են ծաղկել պտղատու ծառերը, տվյալ դեպքում՝ ծիրանենին։ Եթե դրա 8-10 տոկոսը անգամ կարողանա ծառը պահել, մենք հանրապետության տարածքում կունենանք աննախադեպ ծիրանի բերք, եթե շարունակվի այդ տեմպերով»,- ասաց նա։