«Ադրբեջանական կողմը շարունակում է իր առավելապաշտական դիրքորոշումը»
Ժնևյան հանդիպումից հետո ԼՂ հակամարտության ոլորտում դրական ակնկալիքների դաշտ ստեղծվեց՝ այն առումով, որ ձեռքբերված պայմանավորվածությունները, հնարավոր է, պահպանվեն, ապա գործի անցան ԱԳ նախարարները: Այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ հարաբերական անդորրից մի փոքր անց տեսնում ենք, որ ընտրական գործընթացները թե ռազմական հռետորաբանության, թե մկանների խաղի ակտիվացման բերեցին՝ մի կողմից զորավարժություններ, սպառնալիքի ուժով խոսելու փորձ, մյուս կողմից աբսուրդի հասնող ռազմական հռետորաբանություն՝ Երևանը վերադարձնելու մասին:
Մինասյանի կարծիքով՝ դրական ակնկալիքներ պետք չէ ունենալ, քանի որ ադրբեջանական կողմը շարունակում է իր առավելապաշտական դիրքորոշումը, իսկ առաջիկայում՝ իրեն ավելի ամուր զգալով, տարբեր բանակցային բաղադրիչների հետ կապված՝ կկոշտացնի դիրքորոշումը: Փորձագետը նշեց՝ սրան նպաստում է նաև միջազգային բավարար և ադեկվատ արձագանքի բացակայությունը, քանի որ հրադադարի խախտումները, հռետորաբանությունը լավագույն դեպքում ուշացած արձագանք են ստանում, իսկ սովորաբար արձագանք չեն ստանում: Դա, ըստ բանախոսի, ստեղծում է անպատժելիության մթնոլորտ, հանգեցնում որոշակի դիրքորոշումների ամրապնդման, հավակնությունների մեծացման:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի կարծիքով՝ պետք է հասկանալ նաև, որ դա հիմնականում նախընտրական շրջանում Ադրբեջանի ներքին լսարանին է ուղղված, պետք է հասկանալ, որ կան Երևանից գաղթած ադրբեջանցիներ, որոնց «երազներ» են անվանում, ովքեր աջակցություն կարող են տալ Ալիևին, ուստի իրենց ցանկալի հռետորաբանությունը պետք է հնչի: Էլիբեգովայի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ալիևը խոսում է, տարածքային պահանջներ է ներկայացնում, կախված լսարանից՝ նրա հռետորաբանությունը փոխվում է:
Ադրբեջանագետը նշեց՝ նույն ղարաբաղյան թեմատիկան, բնականաբար, այս շրջանում չէր կարող դուրս մնալ, և դիրքորոշման կոշտացումը մեծ մասամբ դրա հետ է կապված:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան