Դատախազություն. 115 տոկոսով ավելացել են երթևեկության կանոնների խախտման՝ մահվան ելքով դեպքերը
2017թ. առաջին եռամսյակի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում 100 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունները և որ առավել մտահոգիչ է՝ 30 դեպքով կամ 115 տոկոսով ավելացել են երթևեկության կանոնների խախտման՝ մահվան ելքով դեպքերը: Դրանց կառուցվածքում շոշափելի քանակ են կազմել ինքնավթարները: Նման տվյալներ է հրապարակել ՀՀ գլխավոր դատախազությունը:
Հաշվի առնելով նշված միտումները, ինչպես նաև հատկապես երթևեկության մասնակիցների անվտանգության տեսանկյունից այս բնույթի հանցագործությունների հանրային վտանգավորության բարձր աստիճանը՝ ՀՀ գլխավոր դատախազ արթուր Դավթյանը հրավիրած խորհրդակցության ընթացքում դատախազության ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ակտիվացնել դատախազական ողջ գործիքակազմը՝ այս հանցատեսակի կանխարգելման, քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Մասնավորապես հանձնարարվել է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերով օպերատիվ կերպով ապահովել դատախազների անմիջական մասնակցությունը օպերատիվ-հետախուզական, քննչական անհետաձգելի գործողությունների պլանավորմանը, դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված աշխատանքներին, իրենց իրավասության շրջանակներում անհրաժեշտ ցուցումներով ապացուցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով:
ՀՀ գլխավոր դատախազն առանձնահատուկ շեշտել է ճանապարհային երթևեկության հետ կապված առերևույթ հանցագործություններին առնչվող քրեական գործերով նախաքննությունը հնարավորինս կարճ ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը՝ առաջնահերթորեն ուշադրություն դարձնելով, որպեսզի ձեռք բերվեն անհրաժեշտ օբյեկտիվ ելակետեր, իսկ նշանակվող փորձաքննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում ավարտվեն և տրամադրվեն նախաքննության մարմնին:
Խնդիր է դրվել այս գործերով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը քննարկելիս, պահպանելով օրենսդրության պահանջներն ու առաջնորդվելով ՀՀ դատախազության կոլեգիայի համապատասխան որոշումներով առանձնահատուկ ուշադրության արժանացնել ճանապարհային երթևեկության կանոնի խախտման բնույթը, վարորդների կողմից ալկոհոլի օգտագործման, կատարված առերևույթ հանցավոր արարքից հետո դեպքի վայրը լքելու հանգամանքները:
Որպես այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման միջոց, ըստ Արթուր Դավթյանի, առկա է պատժողական քաղաքականությունը խստացնելու անհրաժեշտություն:
Խնդիր է դրվել նաև, ուսումնասիրելով միջազգային փորձը, սեղմ ժամկետներում մշակել օրենսդրական փոփոխությունների և դրանցից ածանցվող ենթաօրենսդրական ակտերի փոփոխությունների փաթեթ: Այն ուղղված կլինի ինչպես ՃԵԿ խախտումների համար վարչական պատասխանատվության, վարորդական իրավունքի տրամադրման, դրանից զրկելու իրավակարգավորումների, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածով սահմանված սանկցիաների խստացմանը:
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում ՝ 6 ՃՏՊ, զոհվել է մեկ մարդ, 10-ը՝ վիրավորվել
- Հանրապետությունում 3 օրվա ընթացքում արձանագրվել է 19 ՃՏՊ, 2 մարդ զոհվել է
- Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 20 ՃՏՊ, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է
- Ճանապարհատրանսպորտային 15 պատահար՝ անցած 1 օրվա ընթացքում