ՔԿՎ. Երբևէ ինքնաշեն ատրճանակ կամ որևէ տեսակի հրազեն չի հայտնաբերվել
ՔԿՎ հանրային կապերի բաժինը պարզաբանում է տարածել «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում տեղ գտած հայտարարության վերաբերյալ:
Համաձայն հայտարարության, «2-3 շաբաթ առաջ, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցային հատվածում, որտեղ գտնվում է նաև Արայիկ Խանդոյանի խուցը, մեկ այլ կալանավորի խցի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր ինքնաշեն ատրճանակ»: Ըստ իրենց տեղեկության՝ կալանավորը խոստովանել է, թե ատրճանակն իրեն է տվել ղեկավարությունը Արայիկ Խանդոյանին սպանելու նպատակով:
«Սույն հայտարարությունների կապակցությամբ Քրեակատարողական ծառայությունը տեղեկացնում է, որ վերոնշյալն իրականության հետ ընդհանրապես որևէ աղերս չունի: Քրեակատարողական հիմնարկներում իրականացված խուզարկությունների ժամանակ մինչ այսօր գործնականում երբևէ ինքնաշեն ատրճանակ կամ որևէ տեսակի հրազեն չի հայտնաբերվել, ինչն էլ մեկ անգամ ևս ապացուցում է տարածված տեղեկատվության անհեթեթ լինելը»: