Արցախ. Վանք գյուղ այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է. համայնքի ղեկավար
Մարտակերտի շրջանի Վանք գյուղը 2016-ի թավականին ունեցել է 750 զբոսաշրջիկ, 2017-ին՝ 2500:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վանքի համայնքի ղեկավար Անդրեյ Սարգսյանը և նշել, որ զբոսաշրջիկների մեծ մասն այցելում է Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Գերմանիայից և այլ երկրներից:
Համայնքի ղեկավարի խոսքով՝ գյուղը զբոսաշրջիկներին հիմնականում գրավում է Գանձասարի վանական համալիրով, «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնով և տեսարժան այլ վայրերով:
Նա նշել է նաև, որ վանքեցի լուսահոգի մեծ բարերար Լևոն Հայրապետյանի ֆինանսավորմամբ գյուղում կառուցվել են «Էկլեկտիկա», որը բնակիչների շրջանում հայտնի է որպես «Տիտանիկ» և «Ծովին Քար» հյուրանոցային համալիրները, «Վան Գոգ» ռեստորանը, մի քանի սրճարաններ, գազանանոց. սրանք ևս նպաստում են գյուղի զբոսաշրջության զարգացմանը:
Համայնքի ղեկավարն ասել է, որ Լևոն Հայարապետյանի ֆինանսավորմամբ 2007 թվականին Վանքում կառուցվել է բարերարի հոր՝ Գուրգեն Հայրապետյանի անունը կրող դպրոց, որտեղ ներկայումս սովորում է 120 աշակերտ, իսկ նախադպրոցականների թիվը 28 է:
2010 թվականին էլ բարերարի կողմից կառուցվել է մանկապարտեզ, որտեղ էլ հաճախում է 80 երեխա:
2017 թվականին գյուղն ունեցել է 26 ծնունդ: Համայնքն ունի 24 բազմազավակ ընտանիք, ովքեր օգտվում են պետական նպաստներից: 2017 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ բազմազավակ ընտանիքի համար գյուղում կառուցվել է 1 տուն, ընթացքի մեջ են ևս 2-ը, իսկ 2-ի համար էլ հատկացվել է հողատարածք, որտեղ առաջիկայում պետք է սկսվի շինարարություն:
Գյուղն ամբողջությամբ գազաֆիկացված է, համացանցը՝ հասանելի: ԱՀ պետական բյուջեի միջոցներով գյուղում շուրջօրյա ջրամատակարարման աշխատանքներն ավարտման փուլում են: Գյուղն ունի նաև գործող հիվանդանոց, որը ևս կառուցվել է Լևոն Հայրապետյանի միջոցներով: 2016 թվականին ԱՀ կառավարության կողմից գյուղին տրամադրվել է շտապօգնության մեքենա:
Բնակչության 88 տոկոսն ապահոված է շուրջօրյա ջրով: Գյուղամիջյան ճանապարհները բարվոք վիճակում են. դրանք ամեն տարի վերանորոգվում են:
Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու տարածքում իրականացվող աշխատանքները գրեթե ավարտման փուլում են. դրանք ավարտելուց հետո կվերականգնվի եկեղեցու նախնական տեսքը: Այդ աշխատանքներն իրականացվում են բարերաների աջակցությամբ:
Խոսելով համայնքի բնակչության զբաղվածության մասին՝ Ա. Սարգսյանն ասել է, որ իրենք հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, մեղվաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ: Բնակիչների մեծ մասն էլ աշխատում է գյուղի դպրոցում, մանկապարտեզում, հիվանդանոցում, հյուրանոցներում և հասարակական այլ օբյեկտներում:
«Վանք գյուղում կան 870 խոշոր և 650 մանր եղջերավոր անասուններ, 800 գլուխ խոզ, 750 մեղվաընտանիք, 8000 թև թռչուն. վերջինիս թիվն նախորդ տարվա համեմատ աճել է 5000-ով: Ունենք նաև 25 ջերմոցային տնտեսություն, որտեղ աճեցվում են բանջարանաբոստանային կուլտուրաներ,-ասել է Ա. Սարգսյանը և ավելացրել,-այս տարի իրականացրել ենք 245 հա աշնանացան և 120 հա գարնանացան, հիմնականում՝ ցորեն, գարի, եգիպտացորեն, սորգո, սիսեռ և այլ մշակաբույսեր: Այն բնակիչները, ովքեր զբաղվում են աշնանացան և գարանանցան մշակաբույսերի ցանքսով, օգտվում են ԱՀ գյուղատնտեսության նախարարության կողմից տրամադրվող սերմացուներից և պարարտանյութերից»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին