Իսպանական քաղաքում կարգելեն զբոսաշրջիկներին վարձով տուն տալ
Իսպանական զբոսաշրջային Պալմա քաղաքը, որ Մալյորկա կղզում է, հունիսից կարգելի զբոսաշրջիկներին վարձույթով բնակարաններ տալ: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հավելելով, որ սա Իսպանիայի տեղական իշխանությունների առաջին նմանատիպ որոշումն է:
Տեղական իշխանությունները վաղուց դժգոհում են վարձով տրվող բնակարանների թանկ արժեքից, որը պայմանավորված է օրավարձով բնակարանների մեծաթիվ առաջարկներով: Պալմայի քաղաքապետը նշել է, որ այս միջոցն օրինակ կծառայի այլ քաղաքների համար, որոնք նույնպես տուժում են զբոսաշրջային մեծ հոսքից:
Ըստ որոշ մասնագետների՝ այս որոշումը զգալիորեն կազդի շատ քաղաքացիների եկամուտների վրա: Սեփական տներն ու քոթեջներն այս սահմանափակումների տակ չեն հայտնվի՝ բացառությամբ նրանց, որ գտնվում են պահպանվող տարածքներում, օդանավակայանի մերձակայքում և արդյունաբերական գոտիներում:
Պալմայում, ինչպես և աշխարհի մի շարք այլ քաղաքներում մեծացել է զբոսաշրջային հոսքը: Դա մասամբ պայմանավորված է բջջային հավելվածներում և կայքերում տան վարձույթի առաջարկների ավելացմամբ: