Փոխնախարարը Բրյուսելում կարևորել է ԵՄ երկրների հետ ռոումինգի սակագների վերանայման հարցը
ԵՄ անդամ երկրների հետ ռոումինգի սակագների վերանայումն անհրաժեշտություն է: Այս մասին հայտարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Ամալյա Եղոյանը:
Նա Բրյուսելում մասնակցում է «Արևելյան գործընկերության» բազմակողմ համագործակցության 2-րդ հարթակի «20 թիրախները մինչև 2020» թեմայով քննարկմանը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, «Արևելյան գործընկերության» 2-րդ հարթակը ներառում է տնտեսական զարգացման և շուկայի հնարավորությունների ստեղծմանն ուղղված նպատակներն ու մարտահրավերները։
Հարթակի հիմնական կետերից է նաև նորարարության և տեխնոլոգիաների դերի խթանումը՝ որպես թվային տնտեսության շարժիչ ուժ։
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ՏՀՏ ոլորտի փորձն ու ձեռքբերումները՝ Ամալյա Եղոյանն ընդգծել է էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման դերը, թվային տնտեսության մեջ անվտանգության մեծացմանն ուղղված ռազմավարությունը, էլեկտրոնային առևտրի խթանմանն ուղղված աշխատանքները, նորարար և ստարտափ էկոհամակարգի ուղղորդումը դեպի տնտեսության այլ ճյուղեր և այլն։
Համաժողովի նպատակն է փորձի փոխանակման, նոր մարտահրավերների վերհանման, ավելի նպաստավոր օրինական դաշտի ձևավորմանն ուղղված համատեղ առաջարկությունների շնորհիվ հասնել տնտեսական կայուն զարգացման, կառուցողական բարեփոխումների և առաջընթացի։