А վիտամինի երկու չափաբաժինը կարող է մանկական կյանքեր փրկել
Պապայա, գազար, սպանախ, ձու. երեխայի հավասարակշռված սննդակարգի մեջ պարտադիր պետք է ներառված լինեն А վիտամինով հարուստ մթերքներ։ Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը։ Շատ երեխաներ լիարժեք սնվելու հնարավորությունից զրկված են։
Ներկայում А վիտամինի պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ավելի քան 140 միլիոն երեխաների առողջության վրա։ Նրանց կարող է սպառնալ տեսողության ու լսողության կորուստ, օրգանիզմի թուլացած վիճակ՝ մինչ անգամ մահվան ելքով։ ՅՈՒՆԻՍԵՖ-ից տեղեկացնում են, որ կարող է փրկարար լինել այդ վիտամինի ընդամենը երկու չափաբաժինը։
Վիտամին А -ն կարող է մանկական մահացությունը նվազեցնել 12 տոկոսով։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում երեխաների ճնշող մեծամասնությունը զրկված է իր սննդակարգում ինչ-որ բազմազանություն մտցնելու հնարավորությունից։ А վիտամինի հավելումների ծրագրերը կարող են այդ երեխաների համար ապրելու հնարավորություն լինել։ Երեխայի կյանքի առաջին հինգ տարում, նրա իմունիտետը պահպանելու, փորլուծության ու կարմրուկի նման վտանգավոր հիվանդությունների դեպքում դիմադրողունակությունը բարձրացնելու համար բավական է տարեկան А վիտամինի ընդամենը երկու չափաբաժին ընդունել՝ 4-6 ամիս ընդմիջումով։
Մանկական սնունդի մեջ А վիտամինային հավելումների առավելությունները քննարկվում են արդեն 2 տասնյակ տարիներ։ Փորձագետները նշում են, որ այդ վիտամինային հավելման ուղղությամբ գործունեության ակտիվացման արդյունքում մանկական մահացության կտրուկ նվազում է գրանցվել, բացի այդ, այս միջոցները նաև տնտեսական առումով են արդյունավետ. մեկ չափաբաժինն ընդամենը 2 ցենտ է։
Ստացված արդյունքները, սակայն, այժմ վտանգված են։ Դա երբեմն կապված է լոգիստիկ դժվարությունների, երբեմն ռիսկի գոտում գտնվող երկրների առողջապահական համակարգի անարդյունավետության հետ։ Ամեն դեպքում, ավելի ու ավելի շատ երեխաներ են հայտնվում «լուսանցքից այն կողմ»՝ մի պարզ պատճառով. իրենց օգնություն չի հասնում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ահազանգում է այդ մասին։
Աշխարհի 82 երկրների համար այսօր А վիտամինով ապահովման հարցը դարձել է առաջնահերթություն։ Ինչպես և շատ խնդիրներ, որ կապված են սննդային անբավարարության հետ, А վիտամինի պակասն էլ անհավասարության դրսևորում է։ Այն երկրներում, որտեղ սուր է դրված ինֆեկցիոն հիվանդությունների ու մահացության խնդիրը, А վիտամինը մեծացնում է երեխաների՝ ապրելու հնարավորությունը։ А վիտամինի պակասը հատկապես զգալի է Աֆրիկայի մի շարք երկրներում։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան