Ավակովը Ռուսաստանին մեղադրել է «նոր լազերային զենք» կիրառելու մեջ
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել է, թե Ռուսաստանը Ուկրաինայի արևելքում «նոր լազերային զենք» է կիրառել։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։ Ավակովը մասնակցել է Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության 100-ամյակի առթիվ սահմանապահների պարգևատրման արարողությանը։
Նրա խոսքով՝ պարգևատրված զինծառայողներից մեկին «ռուսական լազերային զենքով» խոցել էին Դոնբասում։
«Սա ոչ առաջին, ոչ էլ երկրորդ դեպքն է։ Մենք հիմա հակազդող միջոցներ ենք ձեռք առնում, բայց փաստում ենք, որ ռուս ագրեսորները մեր դեմ նոր զենք են կիրառում»,- ասել է նա։
Ավակովն ընդգծել է, որ ուժայինները դեռ չեն հասկանում՝ կոնկրետ ինչ զենք է կիրառվում, սակայն նշել է, որ «լազերային զենք»-ին Ուկրաինայում կհակազդեն ֆիլտրերի, հատուկ ակնոցների և պարագաների շնորհիվ։ Ուկրաինական ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ցանկանում է այս իրավիճակը քննարկել նաև միջազգային մակարդակով։