Էվերեստի վրա ռեստորան կբացվի
Էվերեստ լեռան վրա նախատեսում են համաշխարհային ռեկորդ սահմանել՝ ծովից 3500 մետր բարձրության վրա ժամանակավոր ռեստորան բացելով։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Triyagyoni նախագծի մեկնարկը կտրվի 2018-ի մայիսի վերջին։
Նախատեսվում է, որ 4 խոհարարներից և ռեստորանի 10 այցելուներից բաղկացած խումբը 8-օրյա արշավ կիրականացնի դեպի լեռան բարձունքը։ Ճանապարհին նրանք կհավաքեն անհրաժեշտ բաղադրիչները, որպեսզի 7 ճաշատեսակներից կազմված ընթրիք պատրաստեն ճամբարում։
«Ամենամեծ խնդիրն, իհարկե, բարձրությունն է, որ ազդում է ամեն ինչի վրա»,- ասել է Հնդկաստանից ժամանած խոհարարը՝ Սանջխայ Տխակուրը։ «Համը զգալիորեն թուլանում է, այդ պատճառով ստիպված կլինենք կերակուրները բավական շատ համեմել»,- նշել է նա։
Գաստրո-փորձարկմանը մասնակցության վճարն է 5 600 դոլար։ Այդ արժեքի մեջ ներառված են տեղափոխումը, կեցությունն ու սնունդ, ինչպես նաև ամեն օր 6 ժամ ազատ արշավը։ Նախագծի մասնակիցների խոսքով՝ հավաքագրված միջոցները կուղղվեն բարեգործական կազմակերպություններին։